Մոդրիչ. «Ինձ միշտ ընդամենը 2 րոպե է անհրաժեշտ եղել նոր պայմանագիրը համաձայնեցնելու համար»
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` դառնալով մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ հանդիպման հերոսներից մեկը` Լուկա Մոդրիը, ով խփեց «Ռեալի» առաջին գոլը, խաղից հետո ակնարկել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ.
«Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ և վստահ եմ, որ համաձայնության կհասնենք։
Ինձ միշտ ընդամենը 2 րոպե է անհրաժեշտ եղել նոր պայմանագիրը համաձայնեցնելու համար։
Իմ ցանկությունը պարզ է և կարծում եմ, որ «Ռեալը» նույնպես նույնն է ցանկանում»,- նշել է խորվաթ ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ «Ռեալի» ու 36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, սակայն, ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, կողմերը պատրաստվում են 1 տարով երկարաձգել պայմանագիրը` Մոդրիչի աշխատավարձի 10% կրճատմամբ։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից և մինչ օրս ակումբի մարզաշապիկով անցկացրել է 413 հանդիպում` դառնալով 29 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Իսպանիայի սուպերգավաթ, Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո