Մյուլլեր. «Մեսսիի դեմ խաղերում Բավարիայի գործերը միշտ լավ են»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 2:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին` նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը։
«Լեո Մեսսիի դեմ խաղերում «Բավարիայի» գործերը միշտ լավ են արդյունքի և մյուս բոլոր տեսանկյուններից։
Ակումբային մակարդակում մեր խնդիրը միշտ եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակների «Ռեալը», սակայն ես անչափ հարգում եմ Մեսսիին այն բանի համար, թե նա ինչպես հանդես եկավ աշխարհի առաջնությունում։
Մեսսիի անհատական ելույթն աշխարհի առաջնությունում անհավանական էր։ Նա առաջնորդում էր ողջ թիմին։
Խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին ՊՍԺ-ն է, հեշտ չէ։ Նման թիմում շատ դժվար է լավ հավասարակշռություն ստեղծել։ Անհատներն օգնում են հաղթել շատ հանդիպումներում»,- Մյուլլերի խոսքերը մեջբերում է Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցները։
Նշենք, որ Լեո Մեսսին բավական անհաջող է հանդես գալիս «Բավարիայի» դեմ անցկացրած խաղերում։
Արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում 8 անգամ է բախվել մյունխենյան ակումբի դեմ, որոնց շրջանակում կրել է 5 պարտություն, հաղթել միայն 2 խաղում, 1 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Հատկանշական է, որ Մեսսին Չեմպիոնների լիգայում ամենաշատ պարտությունները կրել է հենց «Բավարիայից»։
Այդ ցուցանիշով երկրորդը նրա ներկայիս ակումբն է` ՊՍԺ-ն, որից «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին կրել է 3 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ