Միլանը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում?
Մոտենում է ավարտին նաև իտալական Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը։ Երեկ՝ հուլիսի 18-ին, մեկնարկեց 34-րդ տուրը, որի շրջանակում Եվրոպա լիգայի խմբային փուլի համար պայքարող «Միլանը» մրցեց «Բոլոնիայի» դեմ։
Ստեֆանո Պիոլիի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ «Կարմրասևերը» հաղթեցին 5։1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներ դարձան Ալեքսիս Սալեմակերսը, Հական Չալհանօղլուն, Իսմայիլ Բենասերը, Անտե Ռեբիչը, ինչպես նաև Դավիդե Կալաբրիան, հյուրերի կազմից էլ միակ գոլը գրանցվեց Տակեհիրո Տոյամիսուի անվան դիմաց։
Առաջնության վերսկսումից հետո «Միլանը» պարզապես հիանալի մարզավիճակում է։ Կորոնադադարից հետո միլանյան ակումբն անցկացրել է 8 հանդիպում՝ հաղթելով 6-ը, իսկ ևս երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Վերջին շրջանում հատկապես փայլուն են հանդես գալիս Հական Չալհանօղլուն և Անտե Ռեբիչը։ Թուրք ֆուտբոլիստը վերջին 8 խաղերում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ խորվաթ հարձակվողը մասնակցած վերջին 15 հանդիպումներում խփել է 11 գոլ։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 56 միավոր, շրջանցեց «Նապոլիին» և վարձրացավ 6-րդ հորիզոնական, որը Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղիղ ուղեգիր է տալիս։ Քանի որ «Նապոլին» հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում, արդեն վաստակել է խմբային փուլի ուղեգիր։ «Բոլոնիան» 43 միավորով 10-րդն է։
# Ա-սերիա, Ալեքսիս Սալեմակերս, Անտե Ռեբիչ, Բոլոնիա, Դավիդե Կալաբրիա, Իսմայիլ Բենասեր, Հական Չալհանօղլու, Միլան