Միլանը մտադիր է պայմանագիր առաջարկել Բարսելոնայի կիսապաշտպանին
«Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարծես թե պատրաստվում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, «ռոսոներիները» հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը խաղացողի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» հետ բանակցություններ չի սկսել, սակայն 21-ամյա Պուչի շուրջ զարգացումները գտնվում են «Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարայի վերահսկողության տակ։
Սպասվում է, որ «Միլանի» ներկայացուցիչները շուտով կկապվեն Պուչի գործակալի հետ, սակայն «կապտասևերեին» այս տրանսֆերն իրականացնել հունվարի 1-ից բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բավական դժվար կլինի, քանի որ «Բարսելոնայում» սպասվում է ղեկավարության փոփոխություն, իսկ ակումբի նախագահական ընտրությունները նախատեսված են միայն հունվարի 24-ին։
Ռիկի Պուչն այժմ գրեթե զրկված է խաղային պրակտիկայից, քանի որ հենց սկզբից Ռոնալդ Կումանը հասկացնել տվեց, որ հույսեր չի կապում երիտասարդ կիսապաշտպանի հետ՝ հորդորելով նրան վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ, սակայն Պուչը հրաժարվել էր։
Այդ ամենի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հոլանդացի մասնագետը կարծում է, որ Պուչը ԶԼՄ-ներին «Բարսելոնայի» ներքին խոհանոցից ինֆորմացիա է փոխացնել։ Բացի դրանից, Կումանը վերջերս հայտարարեց, որ իսպանացի կիսպաշտպանը մարզումների ընթացքում բավարար չի ապացուցում, որ արժանի է խաղաժամանակ ստանալ։
Այս ամենը, հնարավոր է, «Միլանի» օգտին լինի, որը լրջորեն ցանկանում է ձեռք բերել իսպանացուն։
Ռիկի Պուչի գործող պայամանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականին, սակայն նրա մեջ կա կետ, որը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով այն երկարաձգել մինչև 2023 թվական։
# Բարսելոնա, Միլան, Ռիկի Պուչ, տրանսֆերներ