Միլանը հիասքանչ խաղով հաղթեց Ատալանտային🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ «Ատալանտան» մրցեց «Միլանի» դեմ։
Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին 1:0 հաշվի պայմաններում, քանի որ արդեն 25-րդ վայրկյանին Դավիդե Կալաբրիան առաջ մղեց «Միլանին»։
Պետք է նշենք, որ գոլային դրվագում Կալաբրիային մեծապես օգնեց «Ատալանտայի» դարպասապահ Խուան Մուսոն, ով իտալացի պաշտպանի կատարած առաջին թույլ հարվածից հետո չկարողացավ ֆիքսել գնդակը։
Բաց թողած գոլից հետո «Ատալանտայի» ֆուտբոլիսներն ակտիվացան և մի շարք գոլային պահեր ստեղծեցին Մայք Մանյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն Դավիդե Ձապակոստան և Դուվան Սապատան վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Նախքան ընդմիջման գնալն էլ Ստեֆանո Պիոլիի թիմը կրկնապատկեց իր առավելությունը. 43-րդ րոեպին դաշտի կենտրոնում Ռեմո Ֆրոյլերը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետո Սանդրո Տոնալին մեն-մենակ մնաց Մուսոյի դիմաց և հաշիվը դարձրեց 2:0։
Կողմերն ընդմիջման գնացին «Միլանի»` երկու գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեծ մասում էլ Ջանպիերո Գասպերինիի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն նրանք առնանձնապես ոչնինչ չէին կարողանում ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։
Ակնհայտ էր, որ խաղն ընթանում է «Միլանի» ֆուրբոլիստների սցենարով, ովքեր էլ 78-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով հաշիվը դարձրին 3:0։
Խաղավարտին տանտերերը կարողացան «թրջել» խաղի հաշիվը. 86-րդ րոպեին աչքի ընկավ Դուվան Սապատան` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Գասպերի սաները նաև մեկ գնդակ էլ հետ բերեցին. 90+4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարիո Պաշալիչը։
Այսպիսով, «Միլանը» 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ, վաստակեց 19 և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ատալանտան» մնաց 11 միավորով, որը համապատասխանում է ընդամենը 8-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Դավիդե Կալաբրիա, Դուվան Սապատա, Մարիո Պաշալիչ, Միլան, Ջանպիերո Գասպերինի, Ռաֆայել Լեաու, Սանդրո Տոնալի, Ստեֆանո Պիոլի