Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Պավարի ծառայություններով
«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, ֆրանսիացի պաշտպանի ապագան մյունխենյան ակումբում մշուշոտ է, իսկ ստեղծված իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկո Մադրիդն» ու «Յուվենտուսը», որոնք հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Ինքը` Պավարը, նույնպես կասկածում է, որ պետք է մրցելույթները շարունակի «Բավարիայի» կազմում։
Կորոնավիրուսի համաճարակը մեծ նշանակություն է ունեցել ֆուտբոլիստի կարծիքի վրա։ Տարբեր սահմանափակումների պատճառով Պավարը մշտապես հեռու է եղել ընտանիքից, ինչը ազդել է նրա հոգեբանական վիճակի և խաղամակարդակի վրա։
Բացի դրանից, նա ցանկանում է հանդես գալ այնպիսի ակումբում, որի կազմում մշտապես կխաղա կենտրոնական, այլ ոչ թե աջ պաշտպանի դիրքում։ «Բավարիայում» հանդես գալու տարիներին նա խաղում է հենց պաշտպանության եզրից։
Այդ ամենին գումարվել է նաև այն հանգամանքը, որ «Բավարիան» վերջերս ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Այաքսի» պաշտպան Նուսայիր Մազրաուրիի հետ, ով Պավարի համար լուրջ մրցակից է աջ պաշտպանի դիրքում։
Այդուհանդերձ, վերոնշյալ բոլոր դժվարությունները չեն խանգարի Պավարին մնալ «Բավարիայում», եթե համապատասխան առաջարկներ չլինեն նրա տրանսֆերի վերաբերյալ։
Դրան զուգահեռ, «Բավարիան» ցանկանում է թիմում պահել Պավարին, ինչի մասին վերջերս հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը:
Մյունխենյան ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ սկսել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Նշենք` ավելի վաղ Sky Sports-ը հայտնել է, որ «Բավարիան» Մաթիյս դե Լիխտի տրանսֆերն իրականացնելուց հետո պատրաստ է 35 մլն եվրոյի դիմաց վաճառել Բենժամեն Պավարին։
Վերջում հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 119 խաղում դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բենջամեն Պավար, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Չելսի, տրանսֆերներ, Օլիվեր Կան