Մեկ նկարի պատմություն N9?

Մեկ նկարի պատմություն N9?

08/05/2020 - 23:58

Ամերիկացի աշխարհահռչակ նախկին դերասանուհի, մոդել, սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոն փայլում էր ոչ միայն ցուցադրությունների և տարբեր խնջույքների ժամանակ, այլև հասցրել է «փայլել» նաև ֆուտբոլային հասարակության համար։

Մերլին Մոնրոյի մասնակցությամբ կան բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա մարզադաշտում վայելում է ֆուտբոլային հանդիպում, իսկ դրանցից մեկում նա պարզապես երկրպագու չէ, այլ կատարում է հանդիպումներից մեկի խորհրդանշական առաջին հարվածը՝ ազդարարելով հանդիպման մեկնարկը։

1957 թվականի մայիսի 12-ին Մոնրոն բացել է «Հապոել Թել Ավիվի» և ԱՄՆ ֆուտբոլային աստղերի հավաքականի միջև տեղի ունեցած ընկերական հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Բրուքլինի «Էբբեթս Ֆիլդ» մարզադաշտում, որը նախատեսված է բեյսբոլի հանդիպումներ անցակցնելու համար։ Այդ օրը լրանում էր Իսրայելի անկախության իններորդ տարեդարձը, և այդ հանդիպումը կազմակերպվել էր հենց այդ պատվին։ Հանդիպումից առաջ Իսրայելի պատվիրակությանը հարցրել են, թե ԱՄՆ-ում ո՞ւմ կցանկանան հանդիպել, իսկ նրանք պատասխանել են․

«Որպես մարզիկներ՝ կցանկանայինք հանդիպել բեյսբոլի թիմ «Բրուքլին Դոջերսի» ներկայացուցիչների հետ, իսկ որպես տղամարդ՝ Մերլին Մոնրոյի»։

Մերլին Մոնորյի մասին ինքնակենսագրական գրքում այդ դրվագը հետևյալ կերպ է նկարագրվում․

«Մերլինը կրում էր գեղեցիկ կապույտ զգեստ, իսկ վզից գցել էր թանկարժեք քարերով ժանյակ։ Նա ձեռքով ողջունելով հավաքվածներին՝ իջավ կաբրիոլետից և շարժվեց դեպի մարզադաշտ։ Նրան ուղեկցում էին մի շարք թիկնապահներ։ Նա դանդաղ բարձրացրեց իր զգեստի փեշը և բարձրակրկուն կոշիկներով թեթև վազք արեց, որպեսզի հարվածի գնդակին։ Նա հարվածեց լուսանկարիչների ուղղությամբ։ Որոշ ժամանակ Մերլինը կանգնել էր մեկ ոտքի վրա՝ սպասելով, մինչև ոտքի ցավն անցնի։ Խաղից հետո նա պարգևատրում էր հաղթող թիմի ֆուտբոլիստներին։ Խաղն ավարտվեց «Մաքաբիի» հաղթանակով՝ 6։4»։

Խորհրդանշական հարվածը կատարելուց հետո Մոնրոն սկսեց գնդակներ բաժանել ֆուտբոլիստներին և կաղալով սկսեց հեռանալ։ Նրան ծափահարում էին մարզադաշտում հավաքված 22 հազար երկրպագուները։

Լեգենդար հրեա դարպասապահ Յակոբ Հոդորովին հաջողվել է շփվել դերասանուհու հետ և նույնիսկ նկարվել է նրա հետ։

«ԶԼՄ-ները գրում էին, որ ես ինձ կորցրել էի և մի շարք գոլեր բաց թողեցի այն պատճառով, որ կանգնած էի Մերլին Մոնրոյի կողքին։ Ճիշտ է՝ ես հուզված էի, սակայն ո՞վ չի հուզվի Մերլին Մոնրոյի կողքին»,- հետագայում հիշել է Հոդորովը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023