Մբապեն հերոսանում է` 90+6-րդ րոպեին հաղթանակ պարգևելով ՊՍԺ-ին Ստրասբուրի դեմ խաղում🎥
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց ֆրանսիական Լիգա 1-ը, որի 16-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ստրասբուրի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ փարիզյան ակումբի համար, քանի որ մինչև 90+6-րդ րոպեն լուսատախտակին հավասար` 1:1 հաշիվն էր վառվում։
Նախ 14-րդ րոպեին Մարկինիոսը բացեց հաշիվը, ապա 51-րդ րոպեին բրազիլացի պաշտպանն արդեն ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչից հետո հավասարվեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Նեյմարը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացավ` 10 հոգով թողնելով Քրիստոֆ Գալտյեի թիմին։
Այդուհանդերձ, խաղավերջում` 90+5-րդ րոպեին, հյուրերի պաշտպան Ժերզինո Նիամսին սեփական տուգանային հրապարակում Կիլիան Մբապեի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը 11-մետրանոց նշանակեց «Պարի Սեն-Ժերմենի» օգտին։
Նշակետին մոտեցավ Կիլիան Մբապեն և դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին։
Այսպիսով, «Փարիզը» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Ստրասբուրը», 11 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մարկինիոս, ՊՍԺ, Ստրասբուրգ, Քրիստոֆ Գալտյե