Մարտինես . «Հանուն Մեսսիի պատրաստ եմ նույնիսկ մեռնել»
Արգենտինայի հավաքականի և «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը Ole-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչ նշանակություն ունի իր կյանքում Լեո Մեսսին։
– Մեսսին Instagram -ում լուսանկար էր հրապարակել և ձեզ անվանել «գազան»։ Ինչպե՞ս արձագանքեցիք դրան։
– Ես կորցրել էի խոսելուս ունակությունը, երբ տեսա այդ նկարը։ Այդ խոսքերն ու լուսանկարն ես հավերժ կպահեմ իմ սրտում։ Այն ամենը, ինչ նա արել է իմ հանդեպ, ինձ մեծ ուժ տվեց, որպեսզի եզրափակիչ խաղում գնդակներ հետ մղեմ և դառնամ ավելի ուժեղ։
Այն ամենից հետո, երբ նա ինձ ֆենոմեն է անվանում, ինչպե՞ս կարող էի ես ձախողել եզրափակիչը։ Ես հանուն Մեսսիի պատրաստ եմ նույնիսկ մեռնել` զոհելով կյանքս։ Ես դեռ 4-5 ամիս առաջ էի ասում, որ համաձայն եմ` Մեսսին ինձնից շուտ հաղթի Կոպա Ամերիկան։
Նույնիսկ բրազիլացիներն էին հանուն Մեսսիի Արգենտինային հաղթանակ ցանկանում. էլ չեմ խոսում հենց արգենտինացիների մասին։
Հուսով եմ` մենք կօգնենք Մեսսիին հաղթել նաև աշխարհի առաջնությունը,- եզրափակել է 28-ամյա դարպասապահը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած Կոպա Ամերիկայի եզրափակչում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` նվաճելով բաղձալի գավաթը։
Լեո Մեսսին «ալբիսելեստեի» կազմում նվաճեց առաջին գավաթը, իսկ Էմիլիանո Մարտինեսը դարձավ մրցաշարի հերոսներից մեկը և ճանաչվեց Կոպա Ամերիկայի լավագույն դարպասապահ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էմիլիանո Մարտինես, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա