Մարսելոն ու Դանի Ալվեսը, հնարավոր է, դառնան թիմակիցներ
Լա լիգայի նորեկ «Վալյադոլիդը» մտադիր է ամրապնդել ակումբի պաշտպանության եզրերը։
Ինչպես հայտնում է UOL-ն, ակումբը ցանկանում է պայմանագիր առաջարկել Մարսելոյին և Դանի Ալվեսին, ովքեր 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացել են համապատասխանաբար «Ռեալ Մադրիդից» ու «Բարսելոնայից»։
Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի վետերան պաշտպանների ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ռոնալդոն, ով «Վալյադոլիդի» բաժնետոմսերի 51%-ի սեփականատերն է ու ակումբի նախագահն է։
Հաղորդվում է, որ «ատամիկը» մտադիր է այդ քայլին գնալ, որպեսզի բարձրացնի թիմի խաղամակարդակն ու ակումբի նկատմամբ ուշադրությունը։
Այդուհանդերձ, այդ գործարքների իրականացման հիմնական խոչընդոտը Ալվեսի ու Մարսելոյի բարձր աշխատավարձն է։ «Ֆենոմենը» հուսով է, որ երկու ֆուտբոլիստներն էլ այդ հարցում կգնան էական զիջումների, քանի որ «Վալյադոլիդը» ներկա պահին պատրաստ չէ վճարել այնքան, որքան նրանք վաստակում էին «Ռեալում» և «Բարսելոնայում»։
Հավելենք, որ «Վալյադոլիդը» Սեգունդայի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու մեկ տարի անց վերադարձավ Լա լիգա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Լա-լիգա, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Ռոնալդո, Սեգունդա, Վալյադոլիդ, տրանսֆերներ