Մարկո Ռոզեի սաները վտանգի տակ դրեցին ՉԼ ուղեգիրը?
Երեկ՝ հունիսի 5-ին, մեկնարկել է Բունդեսլիգայի 30-րդ տուրը։
Տուրի մեկնարկային խաղում Եվրոպա լիգայի ուղեգրերի համար պայքարող «Ֆրայբուրգը» «Շվարցվալդ» մարզդաշտում ընդունել էր ՉԼ ուղեգրի հավակնորդ «Բորուսիա Մյունխենգլադբախին»։
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերն ունեին մի շարք պահեր, սակայն «Ֆրայբուրգի» դարպասապահ Ալեքսանդր Շվոլովը որոշ դրվագներում իր թիմին փրկեց վերահասահ գոլից։ 16-րդ րոպեին Ալասան Պլեայի և Լարս Շտինդլի հարվածներից հետո Շվոլովը դարձավ կրկնակի սեյվի հեղինակ։
38-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ հյուրերի կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը, սակայն 3-4 մետրից անհասկանալի վրիպում թույլ տվեց՝ հարվածելով շեղ։
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ «Բորուսիայի» համար։ Հավասար ընթացող երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին տանտերերին հաջողվեց բացել խաղի հաշվիը։ Տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ ընդամենը մի քանի վայրկյան առաջ խաղադաշտ դուրս եկած Նիլս Պետերսենը, ով ընթացիկ մրցաշրջանում խփեց 10-րդ գնդակը։
Հանդիպման 68-րդ րոպեին հյուրերի կազմից երկրորդ անգամ դեղին քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Բորուսիայի» առաջատար Ալասան Պլեան, ինչից հետո Մարկո Ռոզեի սաները ոչինչ չկարողացան ստեղծել Ալեքսանդր Շվոլովի դարպասի մոտ, դեռ ընդհակառակը, կարող էին բաց թողնել նաև երկրորդ գոլը, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «Ֆրայբուրգը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ և վաստակեց 41 միավոր։ Քրիստիան Շտրայխի թիմը բարձրացավ 8-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 6-րդ հորիզոնական, որը 42 միավորով զբաղեցնում է «Վոլֆսբուրգը»։
«Բորուսիան» մնաց 56 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Մարկո Ռոզեի սաները կտրուկ վտանգեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, քանի որ նույնքան միավոր ունի նաև 5-րդ տեղում ընթացող «Բայերը», որն իր խաղն ընցկացնելու է այսօր՝ ընդունելով «Բավարիային»։
# Ալասան Պլեա, Ալեքսանդր Շվոլով, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Նիլս Պետերսեն, Ֆլորիան Նոյհաուս, Ֆրայբուրգ