Մարկո Ասենսիոն շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցշարջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի ֆուտբոլիստի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։
Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, որն արդեն բանավոր համաձայնության է հասել վերջինիս հետ։
Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Ասենսիոյի տարեկան աշխատավարձը լինելու է 8 մլն եվրո։
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Աստոն Վիլլան», որը գրեթե նույն պայմաններով պայմանագիր էր առաջարկել նրան, սակայն իսպանացի ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուն։
Բացի դրանից, Ասենսիոյի գործակալ Ժորժե Մենդեշը հիանալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ, ինչը նույնպես խթանում է գործարքի իրականացմանը։
Ռոմանոն հաստատում է, որ Ասենսիոյի տեղափոխության հարցում փարզիյան ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշն առանցքային դերակատարություն ունի։
58-ամյա ֆունկցիոները դեռևս նախորդ ամռանն էր փորձում ձեռք բերել Մարկո Ասենսիոյին, սակայն գործարքը չկայացավ։
Իտալացի ինսայդերը գրում է նաև, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծրագրերում այժմ փոփոխություն չկա. նա դեռևս մեկ շաբաթ առաջ որոշել է հեռանալ «Ռեալից» և սպասում է, թե երբ է իր գործակալը վերջնական համաձայնության հասնելու ՊՍԺ-ի հետ։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն այս գործարքի մասին։
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հունիսից` անցկացրած 285 խաղում դառնալով 61 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիշ Կամպուշ, Մարկո Ասենսիո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո