Մանչեսթերը կրկին կարմիր է. Յունայթեդն ընդհատեց Սիթիի ֆանտաստիկ հաղթարշավը` մատուցելով խոշոր անակնկալ
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում հանդիպեցին երկու «Մանչեսթերները»․ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղը մեկնարկեց բավական անասպասելի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն առաջին իսկ գրոհի ժամանակ 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց․ Գաբրիել Ժեզուսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Անտոնի Մարսիալի նկատմամբ։
Նշեկտին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, ով էլ բացեց խաղի հաշիվը։
Ընդունած գոլից հետո «Սիթին» աստիճանաբար խաղի ղեկն իր ձեռքը վերցրեց և մեկը մյուսի հետևից վտանգավոր հարվածներով սպառնաց դարպասի գրավմամբ, սակայն «ՄՅՈւ»-ի դարպասապահը Դին հենդերսոնը, պարզապես հրաշքներ էր գործում՝ փրկելով իր թիմին վերահաս գոլերից։
Այնուամենայնիվ, մինչև առաջին խաղակեսի ավարտ հաշվի մեջ այլևս փոփոխություն չգրանցվեց, իսկ մանկունյական ակումբներն ընդմիջման գնացին «կարմիր սատանաների» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը արագ գոլի տեսանկյունից, կարծես, առաջինի կրկնապատկերը լիներ, քանի որ 50-րդ րոպեին Օլե-Գունար Սուլշերի տղաներն արդեն հաղթում էին երկու գնդակի առավելությամբ։ Գոլային դրվագում Մարկուս Ռեշֆորդի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Լյուկ Շոուն։
Երկրորդ ընդունած գոլից հետո «Սիթին» փորձեց կրկին տեմպ հաղորդել իր խաղին՝ փորձելով փրկել իրավիճակը, սակայն հարկ է նշել, որ «Յունայթեդն» էլ բավական վտանգավոր էր հակագրոհում։
Խոսելով ամբողջ խաղի մասին՝ պետք է ասել, որ շատ ակտիվ տեմպով անցավ։ Գնդակը խաղադաշտի կենտրոնում գրեթե չէր հայտնվում։
Խաղավարտին մոտ Պեպ Գվարդիոլայի սաները փորձեցին պաշարել մրցակցի տուգանային հրապարակը․ գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն դրանք գոլի վերածել այդպես էլ չհաջողվեց։
Ամեն դեպքում, մանչեսթերյան դերբին ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հավելենք, որ «քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում մինչ այս հաղթել էին անցկացրած նախորդ 21 խաղերը։
Այս հաղթանակից հետո «ՄՅՈւ»-ն վաստակեց 54 միավոր և, շրջանցելով «Լեսթերին», կրկին վերադարձավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
Մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ «Սիթին», որն իր ակտիվում ունի 65 միավոր։
# Բրունո Ֆերնանդեշ, Դին Հենդերսոն, Էթիհադ, Լյուկ Շոու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Պրեմիեր-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր