Ման. Յունայթեդն աշխատում է ևս մեկ սուպեր տրանսֆերի ուղղությամբ
«Այաքսի» վինգեր Էնթոնին, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված են 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Անցնող շաբաթվա ընթացքում մանկունյական ակումբը գործարքի դիմաց առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Այաքսին», որը եղել է 80 մլն եվրոյի տեսքով, սակայն ամստերդամցիները մերժել են այն։
Ինքն` Էնթոնին, նույնպես ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» ու կրկին աշխատել Էրիկ Տեն Հագի հետ, և իմանալով, որ «Այաքսը» մերժել է «կարմիր սատանաների» տրանսֆերային առաջարկը, բաց է թողել ակումբի` օգոստոսի 19-ին և 20-ին կայացած մարզումները։
Դրան զուգահեռ, Էնթոնին հայտավորված չի լինելու օգոստոսի 21-ին հոլանդական Էրեդիվիզիայի 3-րդ տուրում կայանալիք «Սպարտա» – «Այաքս» հանդիպմանը, որպեսզի ամստերդամյան ակումբի ղեկավարության հետ քննարկի իր ապագայի հարցը և փորձի որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը։
Սպասվում է, որ «Յունայթեդի» և «Այաքսի» միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Յունայթեդը» եթե ձախողի այս տրանսֆերը, ապա փորձելու է ձեռք բերել ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյին։
Այդ գործարքը մանկունյական ակումբի համար արժենալու է մոտ 50 մլն եվրո։
Ինսյադեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել Էնթոնիի հետ։
Հավելենք, էր Էնթոնին «Այաքսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 82 խաղում դառնալով 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էնթոնի, Կոդի Գապկո, Մանչեսթեր-Յունայթեդ, ՊՍՎ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո