Մաթեուս. «Ես այլևս չեմ հասկանում այս աշխարհը. Լևանդովսկին լավագույնն էր»
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է «Ոսկե գնդակի» արդյունքների մասին.
«Անկեղծ` նման արդյունքներից հետո ես այլևս չեմ հասկանում այս աշխարհը։ Ամենայն հարգանքով վերաբերվելով Լիոնել Մեսսիին ու մյուս բոլոր հավակնորդներին` ոչ ոք ավելի արժանի չէր «Ոսկե գնդակին», քան Ռոբերտ Լևանդովսկին։
Վերջին 2 տարում Ռոբերտը հավասարը չունի, և France Football-ը 2020 թ. մրցանակը չնշնորհեց նրա նվաճած բազմաթիվ տիտղոսների դիմաց։
Այդուհանդերձ, եթե դիտարկենք միայն 2021 թվականը, ապա, միևնույնն է, նա էր լավագույնը։ Նա գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը, բոլոր մրցաշարերի լավագույն ռմբարկուն էր և առաջ էր մյուս բոլորից ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով։
Չնայած Մեսսին հաղթել է Կոպա Ամերիկան, սակայն նա ՊՍԺ-ում գունատ ֆուտբոլ է ցուցադրում։ Բենզեման նույնպես հիանալի տարի է անցկացրել, սակայն ոչինչ չի հաղթել «Ռեալի» հետ։ Սալահը միայն վերջին մի քանի ամիսներին է փայլում, սակայն տարեսկզբին նրա մոտ երկար ժամանակ առանց գոլերի շարք է գրանցվել։
Ժորժինիոն, իհարկե, երկու անչափ կարևոր մրցանակ է հաղթել «Չելսիի» և Իտալիայի հավաքականի կազմում, սակայն նա ոչ մի տեղ այդքան աչքի չի ընկել, որքան Լևանդովսկին։
Կրիշտիանու Ռոնալդուն էլ այդքան կայուն չէ և չի փայլում, որքան Լևանդովսկին։
Չեմ հասկանում, թե ինչու մրցանակը չստացավ Լևանդովսկին»,- եզրափակել է Մաթեուսը, ում խոսքերը մեջբերում է Sky Sport Deutschland-ը։
Հիշեցնենք, ոը նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին 7-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», իսկ Ռոբերտ Լևանդովսկին քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արգենտինացի հարձակվողին զիջելով ընդամենը 33 ձայն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Բավարիա, Ժորժինիո, Լեո Մեսսի, Լոթար Մաթեուս, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ոսկե-գնդակ, Ռոբերտ-Լևանդովսկի