Հֆֆ-ի ու Red Eagles-ի տարաձայնությունները շարունակվում են
Ինչպես տեղեկացնում Red Eagles ֆան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ՀՖՖ-ն շարունակում է խոչընդոտել ֆան շարժման գործունեությանը:
«Չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1մլն դրամ արժողությամբ ֆուտբոլային ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ:
Պետք է ընգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ-ն ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման ժամանակ, պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել:
Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են: Անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը:
Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց:»,- գրված է ֆան ակումբի ֆեյսբուքյան էջում: