Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի հավաքական հավանական վերադարձի մասին🎥
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ֆուտբոլային մեկնաբան, «Proffotball» հաղորդաշարի հեղինակ և վարող Սենիկ Կարա-Պողոսյանին։
Հարցազրույցի ընթացքում Մխիթարյանը խոսել է նաև Հայաստանի հավաքական հավանական վերադարձի մասին.
«Կարծում եմ, որ, ցավոք սրտի, չի լինում հավաքականում 96-րդ հանդիպումս։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ իմ որոշումներն ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով` չանայծ շատ դժվար է եղել ընդունել այդ որոշումը, բայց կարծում եմ` ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան` երկու քայլ ուշ։ Սա այդ դեպքն է, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։
Խնդիրների ու դետալների մասին ավելի մանրամասն կխոսեմ, երևի, ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո, չնայած, կարծում եմ, որ բոլորին հիմա է հետաքրքիր, բայց ավելի կլինի խոսենք հետ։ Ամեն ինչ կբացատրեմ և կպատմեմ։
Միակ բանը, որը կարող եմ ասել, իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես, Թուրքիայի դեմ և մնացած հանդիպումների ժամանակ հաջողության հասնեն։
Ժամանակն է եկել, որ նոր ու երիտասարդ սերունդն իր վրա պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր հետևից տանել, որովհետև, տեսանք, որ վերջին մի քանի խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց, հուսամ, նոր մարզիչի գալով, ամեն ինչ կշտկվի և մեր տղաները մեծ պատվով ու պատասխանատվությամբ հանդես կգան»,- նշել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2007-2021 թթ.` անցկացրած 95 խաղում դառնալով 32 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան