Հարոյան . «Կադիսում ավելի ուժեղ կդառնամ և իմ խաղով կօգնեմ հավաքականին»
Վարզդատ Հարոյանը հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից է, ով վերջերս ղազախական «Աստանայից» տեղափոխվեց Լա լիգան ներկայացնող «Կադիս»։
Հուլիսի 19-ին «Կադիսը» պաշտոնապես ներկայացրեց 28-ամյա կենտրոնական պաշտպանին` նրա հետ կնքելով 2 տարվա պայամանագիր
Հուլիսի 28-ին Լա լիգայի միջնորդությամբ Վարազդատ Հարոյանը առցանց մամուլի ասուլիս է տվել, որին մասնակցել են տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` այդ թվում նաև Interfootball.am-ը։
Մամուլի ասուլիսի խմբագրված տարբերակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
– Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ «Կադիսը» հետաքրքրված է Ձեր ծառայություններով
– Անկեղծ` շատ ուրախացա։ Երբ դեռ Ղազախստանում էի խաղում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ինձ ասաց, որ նման տարբերակ կա։ Սկզբում շատ ուրախացա, այնուհետև մի փոքր սպասեցի, իսկ վերջում պաշտոնապես դարձա «Կադիսի» ֆուտբոլիստ։
Ինձ այստեղ շատ լավ են ընդունել։ Ներկա պահին ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի, հավաքներ ենք անցկացնում` պատրաստվելով նոր մրցաշրջանին։
– Դուք նշել եք, որ Ձեր՝ «Կադիս» տեղափոխությանը նպաստել է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Կնշե՞ք, թե Կապառոսն ինչ տարբերություններ ունի մյուս մասնագետների համեմատ, որոնց հետ աշխատել եք։
– Առաջին հերթին` նա հիանալի մարդ է։ Երկրորդ` հիանալի ֆուտբոլային կենսագրություն ունի, ինչի շնորհիվ շատ լավ է հասկանում մարտավարությունից։
Բացի դրանից, նա նախընտրում է հնարավորություն տալ նաև երիտասարդներին, ինչի շնորհիվ արդեն մի շարք հայ ֆուտբոլիստներ իրենց կարողացան դրսևորել։
– Կա՞ որևէ ակումբ, որին համակրում եք Իսպանիայի առաջնությունում։
– Ինձ դուր են գալիս «Սևիլիան» և «Ատլետիկո Մադրիդը»։
– «Աստանան» գումար ստացե՞լ է Ձեր վաճառքից
– Այո՛, ստացել է, սակայն կոնկրետ թիվը, անկեղծ, չգիտեմ։
– Ի՞նչը նկատեցիք առաջինը «Կադիս» տեղափոխվելուց հետո, որը չի եղել Ձեր մյուս ակումբներում (խմբ.` հարցն ուղղվել է Interfootba-ի թղթակցի կողմից)
– Առաջինը նկատել եմ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունները, որոնք այնքան պարզ են։ Մյուս ակումբներում, որտեղ հանդես եմ եկել այսպիսի պարզություն չի եղել։
– Ի՞նչ մարզավիճակում եք այժմ գտնվում։ Հարմարվե՞լ եք արդեն «Կադիսին» (խմբ.` հարցն ուղղվել է Interfootba-ի թղթակցի կողմից)։
– Ֆիզիկապես լավ վիճակում եմ գտնվում, քանի որ Ղազախստանի առաջնությունն ընթացքի մեջ էր։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է. եկա այստեղ և միանգամից հավաքները սկսեցին։
– Պատկերացրե՞լ եք, որ երբևէ հանդես կգաք Լա լիգան ներկայացնող ակումբի կազմում (խմբ.` հարցն ուղղվել է Interfootba-ի թղթակցի կողմից)
– Իհարկե, պատկերացրել եմ և միշտ հավատացել եմ, որ ամեն ինչ կստացվի և այդպես էլ եղավ։
– Նշեցիք, որ ամեն ինչ պարզ է «Կադիսում»։ Դուք խաղացել եք 4 տարբեր առաջնություններում։ Ո՞ր առաջնությում եք Ձեզ ամենահարմարավետը զգացել։
– Եթե անկեղծ` բոլոր տեղերում էլ ինձ լավ եմ զգացել, պարզապես այստեղ ամեն ինչ տարբերվում է։ Այստեղ մարդիկ լրիվ ուրիշ են. ֆուտբոլիստ-մարզիչ, ֆուտբոլիստ-նախագահ հարաբերությունները շատ հեշտ են, իսկ ընդհանուր առմամբ այն երկրներում, որտեղ հանդես եմ եկել, հարմարավետ է եղել։
– Հայաստանի առաջնությունից հեռանալիս կարիերան Գերմանիայում շարունակելու հնարավորություն ունեինք։ Ինչո՞ւ չստացվեց այդ գործարքը։
– Ես 2 օրով մեկնել էի այնտեղ, սակայն ինձ ասացին, որ համաձայնության չեն հասել իմ տրանսֆերի հարցում։
– Բազմաթիվ ակումբներում եք խաղացել։ Ո՞ր ակումբն ուներ ամենահավատարիմ երկրպագուների բանակը
– Շատ յուրօրինակ հարց է։ Կարծում եմ` բոլոր ակումբներն էլ հիանալի երկրպագուներ ունեն։ Եկատերինբուրգում «Ուրալի» երկրպագուները շատ բարձրակարգ են։ «Աստանայում» նրանք, նույնպես, շատ լավն են։
Ինչ վերաբերում է «Կադիսին», գիտեմ, որ անդալուսյան երկրպագուները նույնպես շատ լավն են։
– Իսկ Հայաստանի երկրպագուների մասին ի՞նչ կասեք։
– Հայաստանում չէի ասի, թե ակումբները շատ երկրպագուներ ունեն։ Այնտեղ հիմնականում երկրպագում են հավաքականին, և երբ խաղում է հավաքականը, բառերով հնարավոր չէ նկարագրել աջակցության աստիճանը։
– Ի՞նչ եք կարծում, «Կադիսում» Ձեր մրցելույթները ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի հավաքականի վրա. չէ՞ որ «Կադիսն» իսպանական ակումբ է, իսկ Հայաստանի հավաքականը մարզում է իսպանացի մասնագետ (խմբ.` հարցն ուղղվել է Interfootba-ի թղթակցի կողմից)
– Հավաքականում և ակումբում տարբեր մարզիչներ են աշխատում, ովքեր տարբեր աշխատելաոճեր ունեն, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա միանշանակ «Կադիսում» ավելի ուժեղ կդառնամ և իմ խաղով կօգնեմ հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Աստանա, Խոակին Կապարոս, Կադիս, Հայաստանի-հավաքական, հարցազրույց, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ