Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը ռասիստական սկանդալի պատճառով հեռացվել է ֆրանսիական ակումբից
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Կազոնին լուրջ խնդրի առջև է կանգնել։
62-ամյա մասնագետը, ով 2023 թ. հուլիսից մարզում էր ֆրանսիական Լիգա-3-ը ներկայացնող «Օրլեանը», հայտնվել է ռասիստական սկանդալում։
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, Կազոնին Լիգա 3-ի 7-րդ տուրում «Շատորուի» դեմ կայացած հանդիպումից (2:2) հետո իր ֆուտբոլիստներին ասել է հետևյալը.
«Նրանք ավելի հիմար չեն, քան Մաղրիբի բնակիչները (խմբ.` Մաղրիբը տարածք է Հյուսիսային Աֆրիկայում, որը ներառում է Ալժիրը, Լիբիան, Մավրիտանիան, Մարոկկոն և Թունիսը)»։
Հարցաքննության ժամանակ Կազոնին իր այդ խոսքերը բացատրել է հետևյալ կերպ.
«Ես դա ասել եմ, որպեսզի ֆուտբոլիստներն իմանան, որ իրենք մաղրիբցիների նման խելացի են։ Ես այնտեղ աշխատել եմ 6 տարի (խմբ.` Կազոնին մարզել է Ալժիրը և Մարոկկոն ներկայացնող տարբեր ամբներ), իսկ դուք ասում եք, թե ես ռասիստ եմ»։
Աղբյուրի փոխանցմամբ` գործի քննության ժամանակ հայտնի է դարձել, որ սա Կազոնիի նման վարքագիծի միակ դեպքը չէ.
«Մենք բաժանվել էինք երկու թիմի և խաղում էինք 5-ը` 5-ի դեմ։ Իմ թիմը բաղկացած էր միայն սևամորթ ֆուտբոլիստներից։ Այդ պահին մարզիչն ասաց. «Նրանց մարզահագուստ անհրաժեշտ չէ։ Նրանք, միևնույն է, սև են»։ Այդ ամենն ինձ շոկի ենթարկեց»,- նշել է «Օրլեանի» ֆուտբոլիստներից մեկը, ում անունը չի բարձրաձայնվում։
Այդ ամենից հետո Կազոնին փորձել է արդարանալ. «Սա ֆուտբոլ է, իսկ ես հարավցի եմ։ Դա եղել է պարզապես կատակ։ Այժմ ոչինչ չի կարելի ասել»։
Բացի դրանից, «Օրլեանի» ֆուտբոլիստներից մեկն էլ հաստատել է, որ Կազոնին ակումբի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի իր տրամադրության տակ ավելի շատ սպիտակամորթ խաղացողներ լինեն։
Նշենք, որ կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել և այժմ դատախազությունը նախաքննություն է իրականացնում։
Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին հայտնի դարձել, որ «Օրլեանը» պաշտոնանկ է արել Բերնար Կազոնիին։
Վերջում հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը 2004-05 թթ. մարզել է նաև Հայաստանի հավաքականը։ Կազոնիի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրել է 8 հանդիպում, տոնել 1 հաղթանակ, կրել 6 պարտություն, 1 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բերնար Կազոնի, Լիգա-3, Հայաստանի-հավաքական, Օրլեան