Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով ցավալի պարտություն կրեց Շոտլանդիայի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները։
Հանդիպումը հիանալի մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար, քանի որ արդեն 7-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը տպավորիչ անցում ձեռնարկեց հարձակման աջ եզրով և հարվածային դիրք դուրս բերեց Վահան Բիչախչյանին, ով էլ մոտ տարածությունից բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, մեր տղաների ուրախությունը շատ կարճ տևեց. 14-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը խփեց շոտլանդացիների պատասխան գնդակը։
Բաց թողած գոլից հետո էլ մեր հավաքականն ավելի լավ տեսք ուներ և ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, սակայն Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանը, Էդուարդ Սպերցյանն ու Խորեն Բայրամյանը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Խաղը, ինչ-որ պահից հանդարտվեց, սակայն 44-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Հայաստանի հավաքականի համար. Արման Հովհաննիսյանը մեկ դրվագում երկու անգամ պատժվեց դեղին քարտով ու հեռացվեց դաշտից, իսկ 45+1-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը դարձավ դուբլի հեղինակ ու առաջ մղեց արդեն Շոտլանդիայի հավաքականին։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ Ստյուարտ Կլարկի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը. 50-րդ ու 54-րդ րոպեներին աչքի ընկան Ջոն Մաքգինն ու Չե Ադամսը։
Ինչպես պարզվեց հետագայում, Ադամսի գոլն այս խաղում վերջինն էր. Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր` 1:4 հաշվով։
Հավելենք, որ խաղավերջում էլ կարմի քարտով պատժվեց նաև Կամո Հովհաննիսյանը։
Այս հաղթանակից հետո Շոտլանդիան B դիվիզիոնի 1-ին խմբում վաստակեց 6 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Հայաստանի հավաքականը, 3 միավորով, վերջինն է, 4-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Արման Հովհաննիսյան, Խոակին Կապարոս, Կամո-Հովհաննիսյան, Հայաստան-Շոտլանդիա, Հայաստանի-հավաքական, Շոտլանդիայի հավաքական, Չե Ադամս, Ջոն Մաքգին, Սթիվ Կլարկ, Ստյուարտ Արմստրոնգ, Վահան Բիչախչյան, Տիգրան-Բարսեղյան