«Հայաստան – Վրաստան խաղի տոմսերը` սակարկման առարիա». Երկրպագուական շարժումների հայտարարությունը
«Հայկական առաջին ճակատ (FAF) և «Կարմիր արծիվներ» (Red Eagles) երկրպագուական միավորումները սոցցանցերում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և անդրադարձել Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Հայաստան – Վրաստան անցումային հանդիպման տոմսերի շուրջ ստեղծված իրավիճակին.
«Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը` սակարկման առարկա։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է կեղտոտ ճանապարհով մեծ սադրանքի` փորձ անելով Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա սկզբունքային խաղին դարձնել առևտրի կամ սակարկման առարկա։ Այս պահին մարզադաշտի տոմսարկղից պատասխանում են, որ անհայտ է ֆան շարժումների տոմսերի ճակատագիրը։
Սա այն պարագայում, երբ մրցակցի` Վրաստանի հավաքականի երկրպագուների հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ շուրջ 1500 տեղ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ սև շուկայից ձեռք բերված տոմսերով։
Այսինքն մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։
Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։
Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։
Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FAF, Red-Eagles, Ազգերի լիգա, Կարմիր արծիվներ, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Հայկական Առաջին Ճակատ, ՀՖՖ, Վրաստան-Հայաստան