Հալանդը կրկին գոլի հեղինակ, Լիվերպուլն ու Նապոլին չպարզեցին հաղթողին?
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը։ E խմբի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում էր «Նապոլիի» դեմ և չկարողացավ կոտրել Կառլո Անչելոտիի սաների դիմադրությունը։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Դրիս Մերտենսը, իսկ 65-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց խորվաթ կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենը։
Խմբի մյուս խաղում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության բացահայտում «Զալցբուրգը» «Քրիստալ-Արենայում» հյուրընկալվել էր «Գենկին»՝ կազմակերպելով հերթական գոլային հրավառությունը։ Ջեսսի Մարշի սաները հաղթեցին 4։1 հաշվով։
Չնայած, որ Էրլինգ Հալանդը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից, նա խփեց հերթական գոլը Չեմպիոննեի լիգայի ընթացիկ խաղարկությունում, որը դարձավ չորրորդ անընդմեջ և 8-րդ գնդակը։ Հալանդը խփած գնդակին ավելացրեց նաև գոլային փոխանցում։ «Զալցբուրգի» կազմում աչքի ընկան Պատսոն Դական, Տակումի Մինամոինոն, Հի Չհան Հվանը։ «Գենկի» կազմում միակ գնդակը խփեց Մբվանա Սամատան։
Այս խմբում շատ հարցրեի պատասխաններ կստանանք վերջին տուրում, քանի որ փաստացի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլը» վտանգել է հաջորդ փուլ դուրս գալը։ Վերջին տուրում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Զալցբուրգի» դեմ, և եթե պարտվի 2 և ավելի գնդակի տարբերությամբ, պայքարը կշարունակի հենց ավստրիական ակումբը, իսկ «Նապոլին» հայտնվեց ավելի շահեկան դիրքում, քանի որ վերջին տուրում սեփական հարկի տակ մրցելու է հետնապահ «Գենկի» դեմ և հաղթանակի դեպքում անկախ ամեն ինչից դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ։
E խմբի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքսը․
1․ «Լիվերպուլ» – 10 միավոր
2․ «Նապոլի» – 9 միավոր
3․ «Զալցբուրգ» – 7 միավոր
4․ «Գենկ» – 1 միավոր
# Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ, Լիվերպուլ, Նապոլի, Չեմպիոնների-լիգա