Դե Բրոյնե․ «Սիթին ձգտում է հաջողության և տալիս է ինձ ամեն ինչ»
Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Ըստ նոր պայմանագրի՝ բելգիացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
29-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրումից հետո կիսվել է իր տպավորություններով․
«Ես չեմ կարող երջանիկ չլինել։ Այն պահից, ինչ ես 2015 թվականին տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի», ինձ զգում եմ տանը, ընտանիքս հաստատվել է Մանչեսթերում, իսկ իմ խաղը շատ է զարգացել դրանից ի վեր։
«Մանչեսթեր Սիթին» միշտ ձգտում է հաջողության և ինձ տալիս է ամեն ինչ, որպեսզի ես իմ ներուժի առավելագույն չափով հանդես գամ, այդ պատճառով էլ պայմանագրի երկարաձգումը հեշտ որոշում էր։
Ես խաղում եմ իմ կարիերայի լավագույն ֆուտբոլը և անկեղծորեն զգում եմ, որ սա դեռ վերջը չէ։
Ես ու Պեպը նույն կերպ ենք տեսնում ու ընկալում ֆուտբոլը։ Մարզչի հետ այդպիսի հարաբերություններն ինձ համար շատ կարևոր են, քանի որ մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են։
Ներկա պահին ես կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու վրա։ Մեր արդյունքները մինչ այս պահը հիասքանչ են եղել, սակայն մրցաշրջանը պետք է ավարտենք մեզ արժանի տիտղոսներով»,- նշել է բելգիացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Կևին դե Բրոյնեն ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա