Կուրտուայի համար մրցաշրջանն ավարտված է
«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան նոր վնասվածք է ստացել, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Բելգիացի դարպասապահը մարտի 19-ին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և բուժզննում անցել, որից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։
Մադրիդյան ակումբը մարտի 20-ին հայտնել է, որ 31-ամյա դարպասապահն արդեն վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, ֆուտբոլիստն առաջիկա օրերին կսկսի վերականգնողական շրջանը։
Marca-ն գրում է, որ Կուրտուան վնասվածքից հետո չի կարողացել զսպել հույզերն ու արցունքներն աչքերին լքել է «Ռեալի» մարզումը։
Ըստ The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանի` նոր վնասվածքից ապաքինման համար Կուրտուայից կպահանջվի 6-7 շաբաթ։
Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Կուրտուայի համար 2023/24 մրցաշրջանն ավարտված է։
«Ես տխուր եմ նոր վնասվածքի պատճառով, սակայն սա ընդամենը փոքրիկ անհաջողություն է։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ։
Ես զգում եմ բոլորի աջակցությունը»,- նշել է Կուրտուան, ում խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահը 2023/24 մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Դարպասապահը մրցաշրջանի մեկնարկից առաջ ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել, որից արդեն ապաքիվել էր և ակնկալվում էր, որ արդեն ապրիլին կվերադառնա խաղադաշտ։
Կուրտուան վերջին պաշտոնական հանդիպմումն անցկացրել է 2023 թ. հունիսի 17-ին` Բելգիայի հավաքականի կազմում մասնակցելով Եվրո-2024-ի որակավորման փուլի Ավստրիայի դեմ կայացած տնային խաղին (1:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա