«Կոսովոն Սերբիա է». Ռումինիա – Կոսովո հանդիպումն ընդհատվել է երկրպագուների սադրիչ պաստառների պատճառով 📸 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Ռումինիայի հավաքականը I խմբի շրջանակում Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում մրցում է Կոսովոյի ընտրանու դեմ։
Հանդիպումը սկանդալային ընթացք է ստացել, քանի որ այն 18-րդ րոպեից ընդհատվել է մոտ մեկ ժամով։
Բանն այն է, որ ռումինացի երկրպագուները սադրիչ պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել` «Կոսովոն Սերբիա է», «Բեսարաբիան Ռումինիա է»։
Բացի այդ, ռումինացի երկրպագուները տարբեր իրեր և ճայթրուկներ են նետել խաղադաշտ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Վիլի Դելաժոն ստիպված է եղել ֆուտբոլիստներին ուղարկել հանդերձարան։
Ամեն դեպքում, Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռազվան Բուրլյանուի` երկրպագուների, մրցավարական անձնակազմի և ՈՒԵՖԱ-ի պատվիրակի հետ վարած բանակցությունների արդյունքում հանդիպումը վերսկսվել է։
Հավելենք, որ Ռումինիան մինչ օրս չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը Սերբիայից առանձնացել է 2008 թվականին։
Ինչ վերաբերում է Բեսարաբիային, ապա այն պատմական վիճելի տարածք է Արևելյան Եվրոպայում, որը 1918-40-ական թթ. օկուպացված է եղել Ռումինիայի կողմից։ Այժմ այն գտնվում է Մոլդովայի և Ուկրաինայի տարածքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Կոսովոյի հավաքական, Ռումինիայի հավաքական