Կոմանը բռնել է Զլատանի ճանապարհը
«Բավարիան» հունիսի 17-ին Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց «Վերդերին»՝ 8-րդ անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։
Մյունխենյան ակումբի 24-ամյա վինգեր Կինգսլի Կոմանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես «Բավարիան», այդպես էլ ֆրանսիացի ֆուտբոլիստը 8-րդ անգամ անընդմեջ նվաճում է որևէ երկրի ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը։
2013 և 2014 թվականներին Կոմանը ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2015 թվականին «Յուվեի» կազմում՝ Իտալիայի չեմպիոն, իսկ սկսած 2016 թվականից «Բավարիայի» կազմում հինգ անգամ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։ Կոմանն ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում արդեն նվաճել է 17 տիտղոս։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։



Այդ ցուցանիշով Կոմանը կրկնել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը, ով նույնպես 8 անգամ անընդմեջ դարձել է ներքին առաջնությունների չեմպիոն։
Զլատանը 2004 թվականին «Այաքսի» կազմում դարձել է Նիդեռլանդների չեմպիոն, 2005 և 2006 թվականներին «Յուվենտուսի» կազմում՝ Իտալիայի չեմպիոն, 2007, 2008 և 2009 թվականներին նույն հաջողությունը կրկնել է արդեն «Ինտերի» կազմում, 2010 թվականին «Բարսելոնայի» կազմում՝ Իսպանիայի չեմպիոն, իսկ 2011 թվականին կրկին նվաճել է «Սկուդետոն», սակայն այս անգամ «Միլանի» կազմում։
Մեկ տարվա դադարից հետո շվեդ ֆուտբոլիստը կրկին նվաճել է ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2013-16 թվականներին Իբրահիմովիչը 4 անգամ անընդմեջ ՊՍԺ-ի կազմում դարձել է Լիգա 1-ի հաղթող։





