Կարեն Դոխոյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին
Legal Sport գործակալությունը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը չի մասնակցի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին․
«Ի գիտություն ֆուտբոլասերների, լրատվամիջոցների և ֆուտբոլային միավորների՝ բարձրացված աղմուկից հետո առնվազն հաշվետու ենք ձեզ:
Ինչպես հայտարարել էինք՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցելը Լեգալ Սպորտ գործակալության համար ինքնանպատակ չէ, և մեր ցանկությունն է լույս սփռել հայկական ֆուտբոլի, մասնավորապես ՀՖՖ նախագահի ընտրության ընթացակարգի վրա: Մենք գիտակցում էինք, որ այսօր առկա ՀԿ-ներն ու ակումբները, որոնք իրավասու են առաջադրել և քվեարկել, իրականում, սինդիկատներ լինելով, մոբիլիզացվելու մեծ ներուժ ունեն: Այդուհանդերձ փորձ արեցինք կապվել նրանցից մի քանիսի հետ (քիչ թե շատ անկախ)` խնդրելով առաջադրել մեր թեկնածուին` Կարեն Դոխոյանին: Խնդրում ենք հաշվի առնել, որ խոսքը չէր գնում ընտրություններում ձայն ապահովելու մասին, այլ միայն` առաջադրելու: Նրանցից մի քանիսը ազնիվ գտնվելով` մերժեցին (անպայման նշելով, որ շատ են հարգում Կ. Դոխոյանին) և գերադասեցին չառաջադրել և ոչ մի թեկնածուի, իսկ 2-3 ֆուտբոլային միավոր էլ, որոնք վստահեցրել էին, թե կառաջադրեն, պարզապես դարձան անհասանելի բաժանորդ:
Այս ամենը վկայում է այն մասին, որ տվյալ ձևաչափով պարզապես անիմաստ է մասնակցել ընտրություններին, իսկ այն առաքելությունը, որ ստանձնել ենք, կատարելու ենք ավելի մեծ եռանդով: Լապտերներով ու խոշորացույցով ոչ միայն տաղանդներ ենք բացահայտելու, այլ նաև ամեն ծածուկ և խավար բան, որ կխոչընդոտի մեր ֆուտբոլի զարգացմանը։
Հ. Գ. Անհասկանալի է, թե ինչու՞ է ՀՖՖ-ն հապաղում հրապարակել թեկնածուների անունները։ Եվ, ի գիտություն մեր հայրենակիցների, չդատվածության մասին տեղեկանքը ոստիկանությունը տալիս է 7 օրվա ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։
# Կարեն Դոխոյան, ՀՖՖ