Խոշոր անակնկալը կայացած է🎥
Գրեթե 6 ամսվա դադարից հետո վերսկսվեց նաև Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը։ Օգոստոսի 7-8-ին կայանում են մրցաշարի 1/8 եզրափակչի հետաձգված հանդիպումները։
«Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լիոնի» դեմ։
Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկ ունեցավ։ 12-րդ րոպեին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Մեմֆիս Դեպայը։
Առաջին խաղակեսում թուրինյան ակումբը գրեթե ոչնչով աչքի չընկավ։ Կարելի է առանձնացնել միայն 40-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդու իրացրած տուգանային հարվածը, սակայն «Լիոնի» դարպասապահ Անտոնի Լոպեշը հիանալի ցատկով փրկեց իր թիմին։
Ամեն դեպքում, 43-րդ րոպեին «բյանկոներիները» հավասարեցրին հաշիվը։ Այս անգամ էլ 11 մետրանոց հարված նշանակվեց հակառակ ուղղությամբ, որն անվրեց իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Հանդիպման 60-րդ րոպեին արդեն «Յուվեն» հաշվի մեջ առաջ անցավ։ Հեռահար հարվածով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն՝ հաշիվը դարձնելով 2։1։
Պայքարը շարունակելու համար Մաուրիցիո Սարիի թիմին անհրաժեշտ էր խփել ևս մեկ գնդակ, սակայն այդ բաղձալի գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց ֆրանսիական ակումբի դարպասը։
Այսպիսով, Ռուդի Գարսիայի սաները խոշոր անակնկալի հեղինակ դարձան՝ պայքարից դուրս թողնելով մրցաշարի ֆավորտիներից մեկին։ «Լիոնը» պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում, որի շրջանակում օրեր անց կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
# Անտոնի Լոպեշ, Լիոն, Կրիշտիանու-Ռոնալդու, Մեմֆիս Դեպայ, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա