Խարդախները ներկայացել են Ալոնսոյի կերպարով` ինքնաթիռի տոմսի համար գումար խնդրելով 📸
«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, անկախ իրենից, հայտնվել է անախորժ իրավիճակում։
Ինչպես տեղեկացնում է Yahoo-ն, Թաիլանդում գործում է խարդախների խումբ, որը ներկայանում է իսպանացի մասնագետի կերպարով։
Բանն այն է, որ խարդախները Instagram-ում Ալոնսոյի լուսանկարով օգտահաշիվ են ստեղծել, որի միջոցով այլ մարդկանց թաիլանդերենով ուղարկում են հետևյալ նամակը.
«Բարև ձեզ։ Ես Խաբի Ալոնսոն եմ։ Ես հաջորդ մրցաշրջանում մարզելու եմ «Լիվերպուլը», սակայն Անգլիա հասնելու համար գումար չունեմ։ Եթե ցանկանում եք օգնել ինձ, ուղարկեք 300 բատ (Խմբ.` բատը Թաիլանդի պետական արժույթն է։ 300 բատը համարժեք է մոտ 8 եվրոյի կամ 3500 դրամի)»։
Թաիլանդի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` հորդորելով քաղաքացիներին չվստահել խարդախներին, խուսափել կասկածելի նամակներից, որևէ դրամական փոխանցում չիրակացնել նմանատիպ հաղորդագրությունների դեպքում։
Բացի այդ, ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին չբացել խարդախների ուղարկած հղումը։
««Լիվերպուլի» երկրպագուներ, հանգստացե՛ք, Խաբին դեռ ակումբի մարզիչը չէ, բայց խարդախներ արդեն կան»,- նշված է Թաիլանդի ոստիկանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
Գերմանացի մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն հենց Խաբի Ալոնսոն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Լիվերպուլ, Խաբի Ալոնսո