Լիվերպուլն Ատլետիկոյից կրած պարտության ազդեցության տակ էր?
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպմանը քիչ էր մնում տեղի ունենար ողջ մրցաշրջանի ամենամեծ անակնկալը։ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում էր հետնապահների թվում ընթացող «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 9-րդ րոպեին․ աջ եզրից Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի բարձր փոխանցումից հետո աչքի ընկավ Ժորժինիո Վեյնալդումը։
Հյուրերը շատ արագ հավասարեցրին հաշիվը․ 12-րդ րոպեին Ռոբերտ Սնոդգրասի իրացրած անկյունայինի իրացումից հետո Իսա Դիոպը մոտ տարածությունից գլխի կատարած հարվածից հետո հաշիվը դարձրեց 1։1։ Այդ դրվագում Ալիսոնը կարող էր փրկել իր թիմին, սակայն գնդակն անհաջող դիպավ նրա աջ ձեռքին և հայտնվեց ցանցում։
Աաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Լիվերպուլն» ուներ առավելություն, սակայն իրական գոլային պահեր չկային։ Կարելի է հիաշատակել միայն Մոհամեդ Սալահի հարվածը, երբ Լուկաշ Ֆաբիանսկին դարձավ հիանալի սեյվի հեղինակ, ինչպես նաև Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի իրացրած տուգանային հարվածը, որի իրացումից հետո գնդակը դիպավ պատին կանգնած խաղացողներից մեկին՝ մի փոքր շեղությամբ լքելով դաշտի դիմային գիծը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Վեսթ Հեմն» առաջ անցավ հաշվի մեջ։ Հյուրերն աջ եզրում գրոհ զարգացրին և Դեկլան Ռայսի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Պաբլո Ֆորնալսը մեկ հպումով գնդակն ուղարկեց Ալիսոնի պաշտպանած դարպասը։ Գոլային դրվագում մեղքի իր բաժինն ուներ Ջո Գոմեսը, ով չփորձեց փակել իսպանացի կիսապաշտպանի հարվածը։
Բաց թողած գոլից հետո Յուրգեն Կլոպի թիմը նետվեց առաջ՝ փրկելու խաղը, սակայն ահագին ժամանակ նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ 62-րդ րոպեին միայն սկսեց որևէ բան ստացվել, երբ Առնոլդի հարվածից հետո Ֆաբիանսկին կրկին փայլեց։
Ողջ խաղի ընթացքում փայլած Լուկաշ Ֆաբիանսկին, սակայն 68-րդ րոպեին անհասկանալի գոլ բաց թողեց։ Էնդրյու Ռոբերտսոնի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Մո Սալահը 11 մետրանոց նշակետի մատույցներից հարվածեց, ինչից հետո գնդակը լեհ դարպասապահի ձեռքերի արանքով հայտնվեց դարպասում։
81-րդ րոպեին տանտերերը վերջապես հաշվի մեջ առաջ անցան։ Ջո Գոմեսի չստացված հարվածից հետո գնդակը հայտնվեց Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի մոտ, ով էլ Սադիո Մանեին դուրս բերեց դատարկ դարպասի դիմաց, իսկ սենեգալցին չվրիպեց։
Խաղի վերջնամասում Դևիդ Մոյեսի սաները քիչ մնաց 1 միավոր փախցնեին «Էնֆլիդից»։ Նախ 89-րդ րոպեին Ջարոդ Բոուենը մեն-մենակ մնաց Ալիսոն Բեկերի դիմաց, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ բրազիլացի դարպասապահի գլխին, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Մարկ Նոբլի մոտ, ում հարվածից հետո Ֆաբինիոն դժվարությամբ գնդակը շեղեց դեպի անկյունային, որն ավարտվեց անհաջողությամբ։
Այսպիսով, «Լիվերպուլը» կարծես թե դեռևս «Ատլետիկոյից» կրած պարտության ազդեցության տակ էր կամ էլ չէր հասցրել ֆիզիկապես վերականգնվել ծանր խաղից հետո։ Այնուամենայնիվ, Յուրգեն Կլոպի սաները նույնիսկ այսպիսի խաղով կարողացան հաղթանակ կորզել՝ տանելով 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Նշենք նաև, որ մերսիսայդյան ակումբը անպարտելի խաղերի շարքը հասցրեց 44-ի, իսկ «Արսենալի» ռեկորդի կրկնությանը մնաց չպարտվել ընդամենը 5 հանդիպում։
# ԱՊԼ, Դևիդ Մոյես, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Սադիո-Մանե, Վեսթ Հեմ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ