Լիվերպուլը Կարիուսին թույլ չի տա մասնակցել մարզումներին
Ինչպես գիտեք, գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսը «Բեշիկթաշի» հետ խզել է վարձակալության պայմանագիրը և վերադարձել է «Լիվերպուլ»։ 26-ամյա գերմանացի դարպասապահի տրանսֆերային ամբողջական իրավունքը պատկանում է հենց մերսիսայդյան ակումբին։
Սակայն, ամենայն հավանականությամբ, գերմանացի դարպասապահն այլևս որևէ հանդիպման չի մասնակցի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, անգլիական ակումբի ղեկավարությունը բարկացած է «Բեշիկթաշի» ղեկավարության վրա, որ տարվա սկզբից չի վճարել խաղացողի աշխատավարձը, սակայն «Լիվերպուլի» մարզչական շտաբն էլ որևէ դեպքում չի պատրաստվում խաղացողին ընդգրկել ակումբի որևէ հայտացուցակում։ Մարզչական շտաբը Կարիուսին չի թույլատրի նույնիսկ մասնակցել ակումբի մարզումներին։
Ակումբի ղեկավարությունը մտադիր է խաղացողին հանգիստ տալ և ամռանը հանել տրանսֆերի։
Հիշեցնենք, որ Լորիս Կարիուսը դարձավ 2017/18 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հակահերոսը։ Դարպասապահի սխալների պատճառով մերսիսայդյան ակումբը բաց թողեց երկու գոլ։ Այդ օրը «Լիվերպուլը» 1։3 հաշվով զիջեց «Ռեալին»։
Նշենք նաև, որ Կարիուսի և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։
# Բեշիկթաշ, Լիվերպուլ, Լորիս-Կարիուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ