Լիվերպուլը խաղի մեջ է` հաղթելով Աստոն Վիլլային🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 33-րդ տուրից հետաձգված «Աստոն Վիլլա» – «Լիվերպուլ» հանդիպումը։
Երկու ակումբներն էլ շատ ակտիվ մեկնարկեցին հանդիպումն ու բավական արագ փոխանակվեցին խփած գնդակներով։
Նախ 3-րդ րոպեին «Վիլլային» առաջ մղեց Դուգլաս Լուիսը, ապա 6-րդ րոպեին հյուրերի կազմից պատասխան գնդակը խփեց Ժոել Մատիպը։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ դինամիկ ֆուտբոլի ականատես եղանք. երկու ակումբները հաշվի մեջ փոփոխություն մտցնելու լավ պահեր ունեին, սակայն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից Յուրգեն Կլոպի թիմը տիրեց նախաձեռնությանն ու մեծ ճնշում էր գործադրում Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Այդ ճնշումը, ի վերջո, տվեց իր արդյունքը, քանի որ 65-րդ րոպեին Սադիո Մանեն, եզրափակելով Լուիշ Դիասի կատարած փոխանցումը, առաջ մղեց «Լիվերին»։
Հանդիպման վերջնամասում Սթիվեն Ջերարդի թիմը խաղային առավելություն ուներ. աչքի ընկնելուն շատ մոտ էր Դանի Ինգսը, սակայն նրա հարվածից հետո Ալիսոն Բեկերը փրկեց հյուրերին։
Ամեն դեպքում, մերսիսայդյան ակումբին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 86 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Առաջատար «Մանչեսթեր Սիթին» նույնպես ունի 86 միավոր, սակայն «քաղաքաբնակները», մերսիսայդյան ակումբի համեմատ, մեկ հանդիպում պակաս են անցկացրել և մայիսի 11-ին 33-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս կմրցեն «Վուլվերհեմպտոնի» դեմ։
«Աստոն Վիլլան», 43 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դուգլաս Լուիս, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Սադիո-Մանե, Սթիվեն Ջերարդ