Թրիլլեր «Էնֆիլդում»․ Լիվերպուլը կրկին միավորներ կորցրեց🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Յուրգեն Կլոպի սաները, ովքեր էլ արդեն 3-րդ րոպեին Մոհամեդ Սալահի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Եգիպտոսցի հարձավողն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր հոբելյանական 20-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ում ակտիվում կա 21 գոլ։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային և խաղային հսկայական առավելություն։ Նախքան ընդմիջման գնալը միայն Սադիո Մանեն աչքի ընկնելու երկու հիանալի հնարավորություն ուներ։ Մոտ տարածությունից վրիպեցին նաև Դիոգու Ժոտան և Մոհամեդ Սալահ, սակայն «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան մի քանի անգամ փրկեց իր թիմին, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Տանտերերը երկրորդ խաղակեսում էլ ունեին առավելություն, ստեղծում էին մի շարք վտանգավոր պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց մինչև խաղավարտ խփել այդքան ցանկալի երկրորդ գնդակը, ինչի համար պատժվեցին։
«Կաչաղակները» անձնուրաց պաշտպանվեցին և համբերատար սպասցեցին իրենց գոլային պահին, որը ստացան 90+2-րդ րոպեին․ հյուրերը նետվեցին հակագրոհի , ինչի արդյունքում Կալում Վիլսոնը դուրս եկավ հարվածային դիրք և խառնաշփոթ իրավիճակում գրավեց Ալիսոն Բեկերի դարպասը։
Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, չեղարկեց Վիլսոնի գոլը, քանի որ վերջինս նախքան դարպասը գրավելը ձեռքով էր խաղացել, սակայն դա դեռ վերջը չէր։
Թվում էր՝ Սթիվ Բրյուսի սաներն այդ չարձանագրված գոլից կկոտրվեն և ընդհանրապես ժամանակ չի մնա, որպեսզի «Նյուքասլը» հավասարեցնի հաշիվը, սակայն 90+5-րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց այս անգամ Ջո Վիլլոքը և դարձավ գոլի հեղինակ՝ շոկի ենթարկելով «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին։
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմն անչափ կարևոր միավորներ կորցրեց՝ չկարողանալով կոտրել «Նյուքասլի» դիմադրությունը։
Այս ոչ-ոքիից հետո «կարմիրները» վաստակեցին 54 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը՝ ՉԼ ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» զիջելով 1 միավոր։ Վերջինս ընթացիկ տուրում ապրիլի 24-ին մրցելու է 5-րդ տեղում գտնվող «Վեսթ Հեմի» դեմ, որի ակտիվում նույնպես կա 55 միավոր։
«Նյուքասլն» էլ 36 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Կալում Վիլսոն, Մարտին Դուբրավկա, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նյուքասլ, Չելսի, Ջո Վիլլոք, Սադիո-Մանե, Սթիվ Բրյուս