Լիոնը պատրաստ է Դեպային բաց թողնել անչափ ցածր գնով
«Լիոնը» վերջնականապես որոշել է տրանսֆերի հանել իր հարձակվող Մեմֆիս Դեպային։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆրանսիական ակումբը չի ցանկանում հոլանդացի հարձակվողին կորցնել անվճար, քանի որ 2021 թվականի հունիսի 30-ին Դեպայի և «Լիոնի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է։ Խաղացողն արդեն 2021 թվականի հունվարի 1-ից կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, համաձայնեցնել պայմանագիր և իր գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալ անվճար, այդ պատճառով էլ «Լիոնը» որոշել է գոնե ինչ-որ սիմվոլիկ գումար ստանալ խաղացողի վաճառքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիոնը» խաղացողին կվաճառի այն ակումբին, որը ֆուտբոլիստի դիմաց կվճարի 5 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ամառային նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված էր 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ կատալոնական ակումբը չկարողացավ բավարարել «Լիոնի» ֆինանսական պահանջները․ ֆրանսիական ակումբը խաղացողի դիմաց ցանկանում էր ստանալ 25 մլն եվրո։ Հատկանշական է, որ «Բարսելոնան» մինչ այժմ էլ ցանկանում է ձեռք բերել Դեպային։
Մեմֆիս Դեպայը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լիոն, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ