Լեսթերի հեքիաթը շարունակվում է. «աղվեսները» դարձան Անգլիայի սուպերգավաթակիր🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2021թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի գավաթակիր «Լեսթերը»։
Առաջին խաղակեսն անցավ բավական դինամիկ պայքարում` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։
Երկու կողմերն էլ ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն, ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող բանալին։
Երկրորդ խաղակեսում, ճիշտ է, «քաղաքաբնակները» առավելություն ունեին, սակայն մանկունյական ակումբի ֆուտբոլիստների գործողություններում որոշ դրվագներում չէր հերիքում սրությունը։
Գոլազուրկ հաշիվը պահպանվեց մինչև 89-րդ րոպե, երբ «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Պոլ Թիրնին 11-մետրանոց հարված նշանակեց «քաղաքաբնակների» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Կելեչի Իհեանաչոն։
Այսպիսով, «Լեսթերը» հաղթեց 1:0 հաշվով և ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր։
Հավելենք, որ «աղվեսները» վերջին անգամ այդ մրցանակին տիրացել էին 50 տարի առաջ` 1971 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Անգլիայի սուպեր գավաթ, ԱՊԼ, Լեսթեր, Կելեչի Իհեանաչո, Մանչեսթեր-Սիթի