Լեսթերը շարունակում է իր հեքիաթը՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «ազնավականները» տիրել էին նախաձեռնությանը և ավելի շատ էին լինում գնդակով, սակայն խաղն ընթանում էր Բրենդան Ռոջերսի սաների սցենարով։
Վերոնշյալ մտքի զարգացման համար էլ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, քանի որ արդեն 6-րդ րոպեին Վիլֆրիդ Նդիդին, եզրափակելով Հարվի Բարնսի փոխանցումը, առաջ մղեց «աղվեսներին»։
Նախքան ընդմիջման գնակը երկու ակումբներն էլ կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն դա անել երկար ժամանակ չէր ստացվում։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջեյմս Մեդիսոնն ու Կալում Հոդսոն-Օդոյին։
41-րդ րոպեին Մեդիսոնը, ամեն դեպքում, խփեց իր գոլը՝ հաշիվը դարձնելով 2։0։
Երկրորդ խաղակեսի մեծ մասն էլ ընթանում էր գրեթե նույն սցենարով․ «Չելսին» գնդակին տիրում էր ժամանակի 71 %-ը, իսկ «Լեսթերի» ֆուտբոլիստներն անչափ վտանգավոր հակագրոհներ էին իրականացնում և շատ ավելի մոտ էին հաշիվը եռապատկելուն։ Աչքի ընկնելու լավ հնարավորություններ բաց թողեցին Ջեյմս Ջասթինն ու Յուրի Տիլեմանսը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Չելսիի» ֆուտբոլիստներն առանձնապես ոչինչ չկարողացան անել՝ խաղը փրկելու համար․ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2։0։
Այսպիսով, Բրենդան Ռոջերսի սաները վաստակեցին 38 միավոր, շրջանցեցին մանկունյական երկու ակումբներին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին» ու գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Հանուն արդարության՝ նշենք, որ «աղվեսները» մեկ հանդիպում ավել են անցկացրել «Յունայթեդից», երկու հանդիպում էլ՝ «Սիթիից»։ «Չելսին» էլ, ընդհանրապես, շարունակում է ձախողվել։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած վերջին 8 խաղերում տարել է ընդամենը երկու հաղթանակ՝ կրելով 5 պարտություն։ Ֆրենկ Լեմպարդի սաները մնացին 29 միավորով և զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ջեյմս Մեդիսոն, Վիլֆրիդ Նդիդի, Ֆրենկ-Լեմպարդ