Լատինաամերիկյան կրքեր. Կրեսպոյի թիմը վստահ հաղթանակ տոնեց` դուրս գալով ԼԳ-ի 1/4 եզրափակիչ🎥
Հարավային Ամերիկայում մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, որի շրջանակում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։
Մրցաշարի ֆավորիտներից բրազիլական «Սան Պաուլոն», որը մարզում է արգենտինացի նախկին լեգենդար հարձակվող Էրնան Կրեսպոն, հյուրընկալվելիս մրցել է Արգենտինան ներկայացնող «Ռասինգի» դեմ։
Հանդիպման մեծ մասն անցել փոխնիփոխ գրոհներով, սակայն «Սան Պաուլոյի» ֆուտբոլիստներն ավելի լավ են իրացրել իրենց գոլային պահերը` հաղթելով 3:1 հաշվով։
Հանդիպման հերոսներ են դարձել Էմիլիանո Ռիգոնին և 18-ամյա հարձակվող Մարկինիոսը. Ռիգոնին դարձել է դուբլի, իսկ Մարկինիոսը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինական ակումբի միակ գոլն էլ խփել է Մարսելո Խավիեր Կոռեան։
Էրնան Կրեսպոյի սաներն ընդհանուր դիմակայութնում հաղթել են 4:2 հաշվով (խմբ.` կողմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով) և նվաճել Լիբերտադորեսի գավաթի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցեն «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Ունիվերսիդատ Կաթոլիկա» (Չիլի) զույգի հաղթողի դեմ. այդ դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն «Պալմեյրասը» հաղթել է 1:0 հաշվով։
Հիշեցնենք, որ Էրնան Կրեսպոն ս/թ հունվարին նվաճեց իր մարզչական կարիերայի առաջին տիտղոսը` արգենտինական «Դեֆենսիա և Խուստիսիայի» ղեկին դառնալով Կոպա Սուդամերիկանայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմիլիանո Ռիգոնի, Էրնան Կրեսպո, Լիբերտադորեսի գավաթ, Մարկինիոս-Սան Պաուլո, Ռասինգ - Արգենտինա, Սան Պաուլո