Իտալիան չկարողացավ կոտրել Բուլղարիայի դիմադրությունը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Իտալիայի հավաքականը Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց Բուլղարիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք է գրանցվել, քանի Բուլղարիայի հավաքականը դիմացավ «սկուադրա աձուրայի» հսկայական ճնշմանն ու չպարտվեց մրցակցին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Իտալացիները խաղի հաշիվը բացեցին արդեն 16-րդ րոպեին. Ֆեդերիկո Կիեզան հարձակման ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց, շարժվեց դեպի կենտրոն, «պատ» խաղարկեց Չիրո Իմոբիլեի հետ և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից գրավեց Գեորգի Գեորգիևի պաշտպանած դարպասը։
Խփած գոլից հետո էլ Ռոբերտո Մանչինիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն 40-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, բուլղարացիները նետվեցին հակագրոհի ու Աթանաս Իլիևի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Երկրորդ խաղակեսում էլ տանտերերը շարունակում էին տիրել նախաձեռնությանը. գնդակին տիրում էին ժամանակի 74%-ը, կատարել են 19 հարված, 4-ը` դիպուկ, իրացրել են 10 անկյունային, անցկացրել են 52 վտանգարով գրոհ։
Չնայած այդ առավելությանը` Իտալիայի հավաքականն այդպես էլ չկարողացավ խփել հաղթական գնդակը. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Հավելենք, որ C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Լիտվա 1:4 Հյուսիսային Իռլանդիա։
Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Իտալիա – 10 միավոր
- Շվեյցարիա – 6 միավոր
- Հյուսիսային Իռլանդիա – 4 միավոր
- Բուլղարիա – 2 միավոր
- Լիտվա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բուլղարիայի հավաքական, իտալիայի հավաքական, Չիրո Իմոբիլե, Ռոբերտո Մանչինի, Ֆեդերիկո Կիեզա