Իտալիայի գավաթ. Ինտերը դրամատիկ խաղում հաղթեց Էմպոլիին🎥
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։
Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին հաղթողի կարգավիճակում, քանի որ արդեն 13-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի խփած գոլի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Խփած գոլից հետո էլ Սիմոնե Ինձզագիի սաները ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ միլանյան ակումբը վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն 62-րդ րոպեին հյուրերը բավական անսպասելի հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Նեդիմ Բայրամին։
«Ինտերի» ֆուտբոլիստների դժբախտությունները շարունակվեցին 76-րդ րոպեին, երբ «Էմպոլիի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո այն անդրադարձավ դարպասպահ Անդրեյ Ռադուի թիկունքից ու հայտնվեց տանտերերի դարպասում։
Երբ թվում էր` Աուրելիո Անդրեացոլիի թիմը խոշոր անակնկալ կմատուցի և պայքարից դուրս կթողնի «Ինտերին», միլամյան ակումբը 90+1-րդ րոպեին բազմաքայլ գրոհ զարգացրեց, որը կիսաշրջադարձ հարվածով եզրափակեց թիմի ավագ Անդրեա Ռանոկիան ու «Ջուզեպե Մեացա» մարզադաշտի լուսատախտակին վառեց 2:2 հաշիվն ու դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժանանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսում «ներաձուրիներն» ունեին խաղային առավելություն, և 104-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ստեֆանո Սենսին հեռահար հարվածով առաջ մղեց արդեն «Ինտերին», իսկ հաշիվը դարձավ 3:2։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ինձզագիի սաները խաղը մոտեցրին տրամաբանական ու հաղթական ավարտին։
Այսպիսով, «Ինտերը» դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Էմպոլիին» և դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ռոմա» – «Լեչչե» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Անդրեա Ռանոկիա, Էմպոլի, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Նեդիմ Բայրամի, Պատրիկ-Կուտրոնե, Ստեֆանո Սենսի