Իտալական կրքեր Թուրինում. Միլանը թույլ չտվեց Յուվեին տոնել առաջին հաղթանակը🎥
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» դեմ։
Կարելի է ասել` թուրինյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի արդեն 4-րդ րոպեին խաղի առաջին իսկ վտանգավոր գրոհն Ալավարո Մորատան վերածեց խփած գնդակի։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջել էին «ռոսոներիներին», իսկ իրենք շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն երկու ակումբներին էլ չէր հերիքում սրությունը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «ծեր սենյորայի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Միլանի» ֆուտբոլիստներն ավելի վստահ էին անցկացնում` ունենալով նաև տարածքային առավելություն (60%)։
Այդ առավելությունը չէր կարող չտալ իր արդյունքը և, ի վերջո, 76-րդ րոպեին Սանդրո Տոնալիի իրացրած անկյունայինից հետո Անտե Ռեբիչը խփեց պատասխան գնդակը։
Ստեֆանո Պիոլիի թիմի խփած գոլից հետո հանդիպումը «բացվեց». կողմերն անընդհատ փոխանակվում էին վտանգավոր գրոհներով։
Հաջողությանը մոտ էին Մոյզե Քինը, Անտե Ռեբիչը և Պիեր Կալուլուն, սակայն բոլոր դեպքերում հարվածները շեղ ստացվեցին։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Յուվենտուս» 1:1 «Միլան»։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա թուրինյան ակումբն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տոնել և 2 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալվարո Մորատա, Անտե Ռեբիչ, Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Յուվենտուս, Ստեֆանո Պիոլի