Իտալական գրանդը մոտ է Սուարեսի հետ համաձայնության հասնելուն
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը՝ տեղափոխվելով «Յուվենտուս»։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստին ներկայացուցիչների․ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Սուարեսը նոր ակումբի հետ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պայմանագիր կկնքի, իսկ նրա աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «բյանկոներիների» ղեկավարները մտադիր չեն 33-ամյա ուրուգվայցու դիմաց գումար վճարել, այլ ցանկանում են, որ Սուարեսի և կատալոնական ակումբի միջև պայամանագիրը խզվի։
«Յուվենտուսը» դիտարկում է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին ձեռք բերելու տարբերակը, սակայն Լուիս Սուարեսի տեղափոխությունը շատ ավելի հավանական է, այդ պատճառով էլ ակումբն աշխատում է հենց «Էլ պիստոլերոյին» ձեռք բերելու ուղղությամբ։
Հաղորդվում է, որ Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Այաքսը», սակայն «Յուվեն» նրանցից առաջ է անցել։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լուիս Սուարեսին արդեն տեղյակ է պահել, որ նրա հետ հույսեր չի կապում և կարող է նոր ակումբ փնտրել։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ