Ալկոյանոյի հեքիաթն ավարտվեց․ Ատլետիկը շարունակում է հիանալի ֆուտբոլ ցուցադրել🎥
Իսպանիայի գավաթի ՝ Copa del Rey-ի 2020/21 խաղարկության շրջանակում ավարտվեցին 1/8 եզրափակիչները, որի վերջին դիմակայության շրջանակում միմյանց դեմ մրցեցին Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։
«Ալկոյանոյի» ֆուտբոլիստները, ովքեր մրցաշարի 1/16 եզրափակչում անսպասելիորեն պայքարից դուրս թողեցին «Ռեալ Մադրիդին», քիչ էր մնում ևս մեկ հրաշք գործեին, քանի որ բասկյան ակումբի դեմ մեկ խաղակես հավասար ֆուտբոլ ցուցադրեցին և նույնիսկ 39-րդ րոպեին Պաբլո Կարբոնելի խփած միակ գոլի շնորհիվ ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Սակայն, Մարսելինո Գարսիա Տորալի սաները երկրորդ կեսում ուշքի եկան՝ բեկելով հանդիպման ընթացքը։
Նախ 53-րդ րոպեին Ասյեր Վիլյալիբրեն հավասարեցրեց հաշիվը, ապա 78-րդ րոպեին Ինյակի Վիլիամսն արդեն առաջ մղեց «Ատլետիկին»։
Հետագայում բասկյան ակումբին հաջողվեց պահպանել հաշիվը, և Իսպանիայի գավաթի շրջանակում պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում՝ դառնալով այդ փուլի ուղեգիր նվաճած վերջին մասնակիցը։
Հատկանշական է, որ «Ատլետիկի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում տոտալ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ․ գնդակին տիրում էին ժամանակի 71 %-ը, 13 անգամ հարվածեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից 6-ը՝ ուղիղ դարպասին։
Մարսելինոյի թիմը շարունակում է վերելքով հանդես գալ և վերջին 5 խաղերում տոնել է նույնքան հաղթանակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ալկոյանո, Ասյեր Վիլյալիբրե, Ինյակի Վիլիամս, Իսպանիայի գավաթ, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Պաբլո Կարբոնել, Սեգունդա Բ