Իսպանական գրանդը պատրաստ է խոշոր գումարի դիմաց ձեռք բերել Սալահին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը», որը պատրաստ է տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել 70 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` Սալահի` մերսիսայդյան ակումբից հեռանալու հավանականությունը բավական մեծ է, քանի որ նրա ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։
Խնդիրն այն է, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլից» պահանջում է կրկնապատկել իր աշխատավարձը և ստանալ շաբաթական 400 հազ. ֆունտ ստերլինգ, սակայն «կարմիրները» պատրաստ չեն բավարարել այդ պահանջը։
Բազմաթիվ ինսայդերներ հաստատում են, որ կողմերի միջև պայմանագիրը, միանշանակ, չի երկարաձգվելու, ու որպեսզի «Լիվերպուլը» 2023 թ. ամռանը նրան բաց չթողնի անվճար, նախընտրում է նրան այժմ վաճառել։
Ստեղծված իրավիճակից էլ փորձում է օգտվել «Ռեալ Մադրիդը», որը մտադիր է ամրապնդել հարձակման ձախ եզրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ եգիպտոսցի ֆուտբոլիստի կարիերան կապում էին «Բարսելոնայի» հետ, և կային տեղեկություններ, թե Սալահը կատալոնական ակումբի ղեկավարությանը խոսք է տվել 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրել «բլաուգրանայի» շարքերը։
Հավելենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» շարքերը համալրել է 2017 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 254 հանդիպում` դառնալով 156 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ