Իսպանական գրանդը գրեթե ավարտին է հասցրել Բելինգհեմի տրանսֆերը
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը գրեթե ավարտին է հասցրել անգլիացի ֆուտբոլիստի գործարքը։
Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է համալրել «սերուցքայինների» շարքերը, որի մասին տեղյակ են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», որոնք նույնպես հետաքրքրված էին նրա ծառայություններով։
Վերոնշյալ ակումբները, իմանալով Բելինգհեմի որոշման մասին, դադարեցրել են «Բորուսիայի» հետ գործարքի հարցում բանակցությունները։
Սպասվում է, որ գործարքի դիմաց «Ռեալը» «իշամեղուներին» կվճարի 100-120 մլն եվրո, իսկ Բելինգհեմի հետ պայմանագիրը կկնքեն մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը գործարքը վերջանական ավարտին չի հասցրել. կողմերի միջև բանակցությունները շարունակվելու են մոտ օրերս, սակայն նրանք շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Գործարքի ձախողմանը կարող է խանգարել միայն որևէ արտառոց դեպքը, որը եթե տեղի չունենա, Բելինգհեմը 2023 թ. հունիսի 30-ից հետո կհամալրի «Ռեալի» շարքերը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ «արքայական» ակումբը հուսով է, որ գործարքն ավարտին կհասցնի արդեն այս ամիս։
«Ռեալը» Բելինգհեմի տրանսֆերը ցանկանում է հնարավորինս շուտ իրագործել, ինչպես նախորդ տարի արեց Օրելյեն Չուամենիի գործարքի դեպքում` վերջին պահին արտառոց դեպքերից և շրջադարձերից խուսափելու համար։
Ռոմանոն գրում է, որ «Ռեալի» բանակցությունները ղեկավարում է ակումբի գլխավոր սկաուտ Խունի Կալաֆաթը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Բելինգհեմի, այնպես էլ «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբի շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 130 հանդիպում` դառնալով 21 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո