Ինտերը մտադիր է խառնել Ռոմայի խաղաքարտերը
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայի» կազմում, հնարավոր է, մնա Իտալիայում, սակայն փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ինտերը»։ Միլանյան ակումբը անգլիացի կենտրոնական պաշտպանի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո, իսկ ևս 5 մլն եվրո մանկունյական ակումբը կստանա որպես հավելավճար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
«Ռոման», նախքան նոր սեփականատեր ունենալը (խմբ․՝ վերջերս ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինը 600 մլն եվրոյի դիմաց Ջեյմս Պալոտայից գնեց «գայլերի» բաժնետոմսերի մեծ մասը), պատրաստ չէր նման գումար վճարել, սակայն սեփականտիրոջ փոփոխությունից հետո Սմոլինգը կարող է դառնալ նրա առաջին ձեռքբերումը։
Ավարտված մրցաշրջանում Քրիս Սմոլինգը «Ռոմայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմա, տրանսֆերներ, Քրիս-Սմոլինգ