Ինսինյեն պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ
«Նապոլիի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեն, ամենայն հավանականությամբ, վերջին մրցաշրջանն է անցկացնում ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, իտալացի ֆուտբոլիստն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» հետ, որի շարքերն անվճար կհամալրի 2022 թ. ամռանը, քանի ու Ինսինյեի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա վինգերը «Տորոնտոյի» կազմում տարեկան կվաստակակի 9.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է 5 տարով։
Հատկանշական է, որ «Նապոլին» էլ քայլեր է ձեռնարկում Ինսինյեին իր շարքերում պահելու համար, սակայն նեապոլիտանական ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան ընդամենը 3.5 մլն եվրո աշխատավարձ։
Հաղորդվում է, որ իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը», սակայն Ինսինյեն ընտրել է «Տորոնտոյի» տարբերակը, քանի որ ցանկանում է բացառել «Նապոլիի» դեմ խաղալու նույնիսկ տեսական հնարավորությունը։
Այդուհանդերձ, հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ կողմերը դեռևս չեն հասել վերջնական համաձայնության, սակայն «Տորոնտոն» լրջորեն տրամադրված է Ինիսնյեի հետ պայմանագիր կնքելուն։
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների` կանադական ակումբը պատրաստ է Ինսինյեին վճարել տարեկան 11 մլն եվրո աշխատավարձ, որին, հնարավոր է, հետագայում ավելանա ևս 4.5 մլն եվրո` կախված ակումբի մրցելույթներից, սակայն նման աշխատավարձ վճարելու համար «Տորոնտոն» ստիպված է 7 մլն եվրոյի դիմաց խզել պայմանագիրը թիմի հարձակվող Ժոզե Ալտիդորեի հետ։
«Տորոնտոն» այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում Ալդիտորեի հետ, սակայն պայմանագրի խզման համար պատրաստ է նրան վճարել միայն 4.5 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 415 հանդիպում` դառնալով 114 գոլի և 91 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Ալտիդորե, Լորենցո Ինսինե, ՄԼՍ, Նապոլի, Տոտենհեմ, Տորոնտո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո