Ինչո՞ւ Հակիմին ընտրեց հենց Ինտերը և ինչո՞ւ Ռեալը չկարողացավ պահել նրան
«Ռեալ Մադրիդի» լատերալ Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, ավելի ու ավելի մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։
Օրեր առաջ մարոկկացի 21-ամյա պաշտպանը մեկնել է Միլան, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Համացանցում նույնիսկ տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է Հակիմին ժամանել Միլան։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Հակիմին արդեն պայմանագիր է կնքել միալնայն ակումբի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը, իսկ «արքայական» ակումբը խաղացողի վաճառքից կաշխատի 40+5 մլն եվրո։
Նշվում է, որ «Ռեալը» նույնիսկ խաղացողին հետ գնելու անմիջական իրավունք չի ունենալու, իսկ ինչպես տեղեկացնում է Diaro AS-ը, Իտալիայում այդպիսի կետ պայմանագրում արգելվում է, այդ պատճառով էլ խաղացողի պայմանագրում լինելու է մեկ այլ կետ, ըստ որի, «Ինտերը» հաջորդ 5 տարիներին պետք է «Ռեալին» տեղեկացնի խաղացողի վերաբերյալ բոլոր պաշտոնական առաջարկների մասին։ «Ռեալը» դրանից հետո ունենալու է որոշակի ժամանակ (սովորաբար մոտ 72 ժամ), որպեսզի կրկնապատկի այդ առաջարկի գումարը՝ գնելով խաղացողի տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին բաց է թողել ընդամենը 1 հանդիպում։ Այդ խաղն էլ մարոկկացի ֆուտբոլիստը բաց է թողել որակազրկման պատճառով։ Ավարտված մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Թվում էր, թե այս գրանցած արդյունքներից հետո «Ռեալը» դժվար թե թույլ տար իր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի վաճառքը, սակայն եկե՛ք միասին հասկանանք, թե ինչո՞ւ «Ռեալը» չկարողացավ Հակիմիին պահել իր շարքերում և ի՞նչու ֆուտբոլիստն ընտրեց հենց «Ինտերը»։
- Առաջին հերթին այս տրանսֆերի հարցում պետք է հաշվի առնել խաղացողի ցանկությունը, քանի որ Աշրաֆ Հակիմին ոչ մի կերպ չէր ցանկանում «Ռեալում» երկրորդական դեր խաղալ, այլ ընդհակառակը, նա ցանկանում էր մշտական խաղային ժամանակ ստանալ։ Պաշտպանության աջ եզրում Զինեդին Զիդանի տրամադրության տակ ունի Դանի Կարվախալին, իսկ Հակիմին չէր ցանկանում լինել Կարվախալի փոխարինողը։ Իսպանացի պաշտպանն ընդամենը 28 տարեկան է և միանշանակ ևս 4-5 մրցաշրջան կանցկացնի բարձր մակարդակով, եթե իհարկե որևէ արտառոց բան տեղի չունենա։ Հենց այդ պատճառով էլ «Ռեալը» սկսել է դիտարկել խաղացողի վերաբերյալ պաշտոնական առաջարկները։
- Հակիմիի տրանսֆերի հարցում միանշանակ վճռորոշ դեր է խաղացել նաև «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով մարոկկացի պաշտպանի համար երշխավորել է, որ մշտական խաղաժամանակ է ստանալու։ Բացի դրանից՝ Կոնտեն նախընտրում է 3 պաշտպանով մարտավարական սխեմաներ (հիմնականում 3-5-2 կամ 3-4-1-2)։ Այդ մարտավարական սխամենրի հիմնական դերակատարները երկու եզրային լատերալներն են և դրանք կատարյալ սխեմաներ են այն պաշտպանների համար, ովքեր սիրում են հիմնականում հարձավել։ Հակիմին «Բորուսիայում» Լուսիեն Ֆավրի գլխավորությամբ հենց այդպիսի խաղային սխեմայով է հանդես եկել, ինչն էլ ավելի կհեշտացնի թե՛ Կոնտեի, թե՛ հենց ֆուտբոլիստի գործը։ Նշվում է, որ խաղացողին շատ է ցանկացել ձեռք բերել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան ակումբը հիմնականում հանդես է գալիս 4-3-3 սխեմայով և ակոմբի ներսում կարծել են, որ նման դեպքում Հակիմին խնդիրներ կունենա պաշտպանվելիս։
- «Ինտերի» առաջարակած պայմանագրի դետալները ևս լրացուցիչ խթան են հանդիսացել տրանսֆերի կայացման համար։ Խաղացողի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր, իսկ այդ ընթացքում խաղացողը տարեկան վաստակելու է 5 մլն եվրո, ինչը շատ ավելի լավ առաջարկ է, քան «Ռեալի» կատարած առաջարկը։ «Ռեալը» խաղացողի վաճառքից կստանա 40 մլն եվրո, իսկ ևս 5 մլն կստանա բոնուսների տեսքով, ինչը «արքայական» ակումբին կօգնի մի փոքր շտկել դժվար ֆինանսական իրավիճակը, որն առաջացել էր կորոնադադարի ժամանակ։
Աշրաֆ Հակիմին ծնվել է Մադրիդի արվարձաններից մեկում՝ Խետաֆեում։ Նրա ծնողները մարոկկացի ներգաղթյալներ են։ Հակիմին «Ռեալի» մարզադպրոցի սան է՝ անցնելով մարզադպրոցի բոլոր տարիքային խմբերով։ 2017/18 մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշեց նրան բերել առաջին թիմ։ Այդ մրցաշրջանում նա 17 հանդիպում անցկացրեց «Ռեալի» կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»։
Սկբզնական շրջանում Աշրաֆ Հակիմին հանդես էր գալիս ձախ եզրից, և այդ ժամանակվանից Լուսիեն Ֆավրը տեսնելով խաղացողի հարձակվողական ներուժը, սկսեց նրան ավելի շատ ազատություն տալ, քան աջ պաշտպանի դիրքում հանդես եկող Լուկաշ Պիշչեկին։ Աշրաֆն առաջին մրցաշրջանում գոլ + գոլային փոխանցում համակարգում հավաքեց 6 միավոր՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Միանշանակ վատ արդյունք չէր նորեկ պաշտպանի համար։
2019/20 մրցաշրջանը ճակատագրական եղավ Հակիմիի համար, քանի որ ընթացիկ մրցաշրջանում նա վերջնականապես բացահայտվեց որպես հարձակվողական ոճի պաշտպան։ Լուսիեն Ֆավրը սկսեց թիմի խաղը կառուցել 3-4-3 մարտավարական սխեմայով, ինչը Հակիմիին հնարավորություն տվեց շատ ավելի շատ մասնակցություն ունենալ իր ակումբի հարձակվողական գործողություններին։
«Իմ կուռքը Մարսելոն է։ Նրա շնորհիվ ես հասկացա, որ եզրային պաշտպանը կարող է ունենալ այնպիսի հարձակվողական ներուժ, ինչպիսին կենտրոնական հարձակվողն է։ Ինձ հաջողվել է հանդես գալ նրա հետ և նա ինձ օգտակար խորհուրդներ է տվել»,- նշել է Հակիմին մեկ տարի առաջ Marca-ին տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ որոշ մասնագետների՝ Հակիմին ամենաշատ խնդիրներ ունենում է հենց պաշտպանվելիս։ «Հակիմին մշտապես միտված է հարձակմանը։ Էական չէ, թե կոնկրետ որ դիրքում է նա խաղում, Հակիմիի համար կարևոր է օգնել իր թիմին հարձակվելիս»,- նշել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը։ Նա հանգիստ էր վերաբերվում մարոկկացի ֆուտբոլիստի այդ թույլ կողմից և կարծում է, որ փորձի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Խաղացողի՝ «Ինտեր» տեղափոխությունը թվում է՝ շատ անսպասելի իրադարձություն էր, սակայն կողմերը բանակցել են դեռևս սույն թվականի մարտ ամսից սկսած։ Հակիմին երազում էր խաղալ «Ռեալի» հիմնական կազմում, սակայն նա հանգիստ վերաբերվեց այն փաստին, որ հարազատ ակումբում դեռևս իր վրա հույս չեն դնում։ «Եթե «Ռեալը» ցանկանա, որ ես վերադառնամ, ապա, միանշանակ, կվերադառնամ։ Եթե ակումբը չցանկանա, ապա կփորձեմ գտնել մեկ այլ թոփ ակումբ, որտեղ կունենամ կանոնավար խաղաժամանակ, ինչն էլ ինձ թույլ կտա զարգանալ խաղային առումով»,- նշել է Աշրաֆը։
Sky Sports Italia-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» ֆինանսական առումով ավելի լավ առաջարկ են արել «Ռեալին»՝ խաղացողի դիմաց առաջարկելով 60 մլն եվրո, իսկ խաղացոին 5 մլն եվրոյից ավելի աշխատավարձ են պատրաստ եղել վճարել, , սակայն Հակիմին ընտրել է հենց «Ինտերը», քանի որ կարծում է, որ միլանյան ակումբը կատարյալ տեղ է ֆուտբոլային ունակությունները զարգացնելու և կարիերայի հետագա առաջընթացի համար։
«Ինտերն» անչափ լուրջ է տրամադրված, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա իրական պայքար մղել Ա սերիայի չեմպիոնության համար և Հակիմիի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո միլանյան ակումբը կենտրոնանալու է «Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերն ավարտին հասցնելու վրա։ Չնայած անչափ երիտասրդ տարիքին՝ Տոնալին հասցրել է արդեն 3 հանդիպում անցկացնել «Սկուադրա Աձուրայի» կազմում և այսպես շարունակելու դեպքում հաջորդ տարի Իտալիայի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Տոնալիին շատ են համեմատում Անդրեա Պիռլոյի հետ․ նա նույնիսկ արտաքնապես է նրան նման։ Ըստ Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ «Ինտերն» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ, մնում է տրանսֆերը հաջողությամբ ավարտին հասցնել։
Տոնալիի և Հակիմիի տրանսֆերները միանշանակ անչափ կուժեղացնեն «Ինտերին»։ Այդ ֆուտբոլիստները Անտոնիո Կոնտեին ոչ միայն թույլ կտան մեկնարկային կազմում ունենալ հզոր ֆուտբոլիստներ, այլև նախ կազմը կերիտասարդանա, երկրորդ՝ թիմի պահեստայինների նստարանը ավելի կերկարի։ Ամեն դեպքում, «Ինտերը» ընթացիկ մրցաշրջանը չավարտած՝ արդեն մտածում է 2020/21 մրցաշրջանի մասին։ Գրեթե վստահ ենք, որ ինչպես Հակիմին, այնպես էլ Տոնալին հաջողելու են «Ինտերում»։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Անտոնիո-Կոնտե, Աշրաֆ Հակիմի, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բրեշիա, Ինտեր, Լուսիեն Ֆավր, Ռեալ Մադրիդ, Սանդրո Տոնալի