Ի՞նչ տեսք կունենա Բարսելոնայի մեկնարկային կազմը, եթե Մեսսին և այլ ֆուտբոլիստներ հեռանան
«Բարսելոնան» 2006 թվականից ի վեր երկար ժամանակ աշխարհում դոմինանտ է եղել ինչպես ցուցադրած էտալոնային ֆուտբոլով, այնպես էլ նվաճած տիտղոսներով, սակայն վերջին տարիներին կատալոնական ակումբում ամեն ինչ խառնվել է իրար, իսկ խաղը` խամրել։
«Բարսելոնայի» իշխող դարաշրջանի «գագաթնակետը» եղավ վերջերս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած նվաստացուցիչ պարտությունը։ Այդ խաղից հետո Լեո Մեսսին ակումբից հեռանալու որոշում է կայացրել․ բյորոֆաքս, Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրավիրած արտահարեթ տնօրենների նիստ, Մեսսիի մարզումներին չմիանալ, պայմանագրային խժդժոցներ, բլա, բլա, բլա․․․ Մեկ բառով՝ Մեսսին կարծես թե պատերազմ է հայտարարել իր հարազատ ակումբին։
Դժվար է հավատալ, սակայն մոտ է այն օրը, որ «Բարսելոնայի» երբեմնի առաջատարն ու գոլահարը պետք է հեռանա Կատալոնիայի մայրաքաղաքից։ Եկե՛ք պատկերացնենք՝ եկել է այն օրը, որ Լեո Մեսսին այլևս «բլաուգրանասի» ֆուտբոլիստ չէ և հասկանանք, թե ինչպիսին կլինի ակումբի մեկնարկային կազմը։
Բացի Լեո Մեսսիից, կարծես թե ակումբից հեռանալու են նաև այլ ֆուտբոլիստներ։ Դեռևս պաշտոնապես հեռացել են միայն Արթուրն ու Իվան Ռակիտիչը, սակայն հեռանալու ճանապարհին են նաև Արթուրո Վիդան ու Լուիս Սուարեսը։ Կարճ ասած, «Բարսելոնայում» «մաքրություն» է սպասվում և մասին կփորձենք պարզել, թե ինչպիսին կարող է լինել «բլաուգրանասի» հավանական մեկնարկային կազմը 2020/21 մրցաշրջանում։
Նախ կառանձնացնենք Ռոնալդ Կումանի ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից կազմված երկու տարբերակ, այնուհետև մեր պատկերացրած համալրումներով մեկ տարբերակ։ Գնացինք։
Տարբերակ 1․
Ինչպես տեսնում եք, այս տարբերակը, բառի ամենաուղիղ իմաստով, էքսպերիմենտալ տարբերակ է, քանի որ չկան ակումբի վերջին տարիների առաջատար ֆուտբոլիստները՝ Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը, սակայն ժամանակ է եկել, որպեսզի նրանց փոխարինեն ավելի երիտասարդ և թարմ ֆուտբոլիստներ։
Այս տարբերակում հաշվի ենք առել այն, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե լուրջ համալրումներ ունենա, քանի որ կորոնադադարն իրենն արել է՝ հասցնելով ֆինանսական հարված, սակայն, եթե հաջողվի Լեո Մեսսիին վաճառել, այլ ոչ թե նա հեռանա որպես ազատ գործակալ, ապա հնարավոր կլինի կազմի ուժեղացում սպասել։
Այսպիսի մեկնարկային կազմը բավականին իրատեսական տարբերակ է։ Փորձենք հասկանալ, թե ինչու։
Դարպասապահի ու պաշտպանության դիրքերում դժվար չէ կռահել, թե ովքեր ունեն իրենց ամուր տեղը մեկնարկային կազմում։ Սամուել Ումտիտին արդեն վաղուց այն նույն «ԲիգՍեմը» չէ, ով ժամանակին Կլեման Լենգլեից էլ լավ տեսք ուներ, իսկ չորրորդ տարբերակ համարվող Ռոնալդ Արախուոն փորձ չունի, այդ պատժառով էլ եթե որևէ լուրջ համալրում չլինի, ապա կրկին կտեսնենք Պիկե-Լենգլե զույգը։ Դե Մարկ-Անդրե Տեր Շտեգենից ուժեղ դարպասապահ ներկա պահին գնելը գրեթե անհնար է։
Ավարտված մրցաշրջանը Ժորդի Ալբայի համար հաջող չդասավորվեց, ինչի համար կային պատճառներ։ Նախ իսպանացի պաշտպանը երկար ժամանակ բուժվում էր վնասվածքից և երկրորդ՝ Կիկե Սետիենի խաղային մոդելում նա խաղում էր գրեթե ձախ վինգերի դիրքում, ինչն էլ նրան խանգարում էր։ Բնականաբար, Ռոնալդ Կումանը պետք է հասկանա, որ Ալբան վինգեր չէ, այլ լատերալ և սպասվում է, որ նա ավելի ցածրից կխաղա՝ տալով ավելի շատ օգուտ թիմին։ Այս դեպքում նույնպես խնդրը կապված է համարժեք համալրման հետ, եթե այն տեղի չունեցավ, ապա Ժորդի Ալբան լինելու է մեկնարկային կազմի ֆուբտոլիստ։
Ինչ վերաբերվում է Նելսոն Սեմեդուին, ապա պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին շրջանում իրապես չտպավորեց իր խաղով, ինչի ապացույցը եղավ «Բավարիայի» դեմ խաղում թույլ տված բազմաթիվ սխալները։ Հատկապես հիշենք, թե ինչ արեց նրան Ալֆոնսո Դևիսը․․․ Ակնհայտ է, որ այս դիրքում «բլաուգրանասին» շտապ համալրում է անհրաժեշտ։ Սերժի Ռոբերտոն էլ քիչ հավանական է, որ կրկին կխաղա այս դիրքում, իսկ համալրումներին դեռ կանդրադառնանք։
Հասանք դաշտի միջին օղակին, որտեղ, միանշանակ, փոփոխություններ լինելու են։ Ռոնալդ Կումանը «Բարսելոնան» գլխավորելուն պես հասկացրեց, որ ակումբում «մաքրություն» է սպասվում և հավանական «մաքրվողների» թվում հայտնվեց նաև վերջին տարիներին ամբողջ աշխարհի լավագույն հենակետակիններից մեկը՝ Սերխիո Բուսկետսը։
Եթե նման խնդիր լիներ մոտ 3-4 տարի առաջ, վստահաբար կասեինք, որ Բուսկետսը անփոխարինելի ֆուտբոլիստ է «Բարսայի» համար, և, այո՛, միգուցե նա իրապես անփոխարինելի է, սակայն պետք է հասկանալ, որ նա չի երիտասարդանում, իսկ Բուսին երբեք էլ արագությունից չի փայլել, որը տարեց տարի ավելի նվազում է նրա մոտ, այդ պատճառով դաշտի կենտրոնում դիրիժորի պարտականությունները, ամենայն հավանականությամբ, կվստահվի Ֆրենկի դե Յոնգին։ Ֆրենկին «Այաքսում» հանդես գալու տարիներին արդեն ապացուցել է, որ շատ ավելի քանդող և գրոհ սկսող ֆուտբոլիստ է, քան հարձակվողներին գնդակ մատակարարող։
Կարծում ենք՝ դաշտի կենտրոնում միակ մարդը, ով մշտական խաղաժամանակ կունենա, կլինի հենց Ֆրենկի դե Յոնգը։
Ռոնալդ Կումանը մյուս երկու կիսապաշտպանների հարցում բարդ խնդրի առջև է կանգնելու։ Մի կողմից լինելու է տաղնադավոր և երիտասարդ Ռիկի Պուչը, մի կողմից էլ՝ կատալոնական ակումբի «հանճարեղ» ձեռք բերում Միրալեմ Պյանիչը և վարձավճարից վերադարձող Ֆիլիպե Կոուտինիոն։
«Հանճարեղ» միայն իրականացված տրանսֆերի համար նշեցինք, բայց Միրալեմ Պյանիչը որակական շատ առումներով Արթուրին միանաշանակ գերազանցում է և հանգիստ կարող է տեղ զբաղեցնել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում և կարծում ենք, որ հենց բոսնիացին էլ տեղ կգտնի Ֆրենկի դե Յոնգի կողքին։ Այստեղ կցանկանանք առանձնացնել այն, որ երբ Արթուրը խաղադաշտում էր «Բարսելոնայի» գրոհների տեմպը կտրուկ նվազում էր, իսկ Պյանիչի տարիքին պետք է չէ խաբվել․ նա բավականին արագ է մտածում։
Պյանիչն իր էությամբ տիպիկ կենտրոնական կիսապաշտպան է, ով սիրում է խաղ կառուցել, սակայն վերջին տարիներին «Յուվենտուսում» ստիպված եղավ վերաորակավորվել որպես հենակետային կիսապաշտպան։ Այժմ նրան կրկին լավ հնարավորություն է ընձեռվել խաղալ իրեն ավելի հարազատ դիրքում։
Ենթադրում ենք, որ Ռոնալդ Կումանը կնախնտրի հենց Միրալեմ Պյանիչի փորձառությունը, իսկ հարկ եղած դեպքում Ռիկին նրան հիանալի կփոխարինի։
Կարելի էր դիտարկել նաև Արթուրո Վիդալի թեկնածությունը, սակայն չիլիացի ֆուտբոլիստը կարծես թե նույնպես հեռանալու է ակումբից։
Ենթահարձակվողի դիրքում ներկա պահին ամենաիրատեսական տարբերակը վարձավճարից վերադարձող Ֆիլիպե Կոուտինիոն է։ Բրազիլացի ֆուտբոլիստի կատալոնական առաջին փուլը կարելի է մասամբ ձախողված համարել, քանի որ Կոուտինիոն իր ոճով «свободный художник» է, ով սիրում է թե՛ գնդակ պահել, թե՛ հարվածային դիրք դուրս բերել իր խաղընկերներին, թե՛ դիմել հեռահար հարվածների և թե՛ միայնակ լուծել դրվագի ելքը, իսկ այդպիսի խաղացող Կոուտինիոյի առաջին շրջափուլում «Բարսայի» կազմում արդեն կար՝ ի դեմս Լեո Մեսսիի։
Արգենտինացի և բրազիլացի ֆուտբոլիստները որոշ խաղային առումերով ունեն նմանություններ և խանգարում էին միմյանց, իսկ Լեո Մեո Մեսսիից հետո Կոուտը լրիվ ազատություն կստանա խաղադաշտում և նման պայմաններում Ֆիլիպե Կոուտինոյի որակներն անչափ անհրաժեշտ են Ռոնալդ Կումանին։
Հարձակման գծում, բանականար, նույնպես փոփոխություններ տեղի ունենալու են։
Մինչև վերջին պահը ձախ վինգերի դիրքում հանդես էր գալիս Անտուան Գրիզմանը, սակայն, նոր մրցաշրջանում նա մեծ հավանականությամբ կվերադառնա իրեն ավելի հարազատ կենտրոնական հարձակվողի դիրք, քանի որ Լուիս Սուարեսը նույնպես հայտնվել է Կումանի «սև ցուցակում»։
Անտուան Գրիզմանը Կիկե Սետիենի՝ ակումբը գլխավորելուց հետո էլ շարունակեց դժգույն խաղ ցուցադրել, սակայն այդ վատ խաղն իր պատճառն ուներ։ Թե՛ Էռնեստո Վալվերդեն և թե՛ Սետիենը ֆրանսիացի հարձակվողին ստիպում էին, որպեսզի նա նաև պաշտպանողական գործողություններին մասնակցի։ Հաճախ մենք Գրիզմանին տեսնում էինք սեփական տուգանային հրապարակում, ինչն էլ ազդում էր նրա խաղային որակների վրա։
Սուարեսի հեռանալուց հետո դժվար է պատկերացնել, որ մեկ այլ ֆուտբոլիստ կհայտնվի կենտրոնական հարձակվողի դիրքում, եթե այդ դիրքի որևէ ֆուտբոլիստ ակումբը ձեռք չբերի։
Անտուան Գրիզմանի կենտրոն վերադարձը կբացի նաև գերտաղանդավոր Անսումանե Ֆաթիի օդերը։ 17-ամյա ֆուտբոլիստն իր առաջին լուրջ մրցաշրջանում բավականին լավ տպավորություն թողեց և խաղ առ խաղ նրա գործողություններում բարելավում նկատվեց։
«Բարսայի» համար այս անցումային շրջանում շատ բան կախված է հենց խաղացողների անհատական որակներից, իսկ Անսու Ֆաթին դրանք միանշանակ ունի։ Ֆաթին կտրուկ է ու արագ, ունի ինչպես լավ տեխնիկա, այնպես էլ գոլային հոտառություն։ Ֆաթին իր տարիքի համար բավականին հասուն ֆուտբոլիստ է։ Ակումբի երկրպագուները և ղեկավարությունը նրա հետ երկարաժամկետ ծրագրեր են կազմում, այդ պատճառով էլ կարծում ենք, որ նա դառնալու է հիմնական կազմի ֆուտբոլիստ։
Լեո Մեսսիի հեռանալուց հետո «Բարսայի» հարձակման գծում մշտական խաղաժամանակ կունենան հենց Անտուան Գրիզմանն ու Անսումանե Ֆաթին, իսկ այ թե ով կլինի արգենտինացի ֆուբտոլիստի ուղիղ փոխարինողը, շատ դժվար է ասել։
Միայն մեկ բան է պարզ․ «Լուի» «Բարսելոնայից» հեռանալուց հետո ով էլ հանդես գա աջ վինգերի դիրքում, լինելու է անհավանական մեծ ճնշման տակ, քանի որ ակումբի ղեկավարները և երկրպագուները տվյալ ֆուտբոլիստից սպասելու են այնպիսի խաղ, ինչիսին ժամանակին ցույց է տվել հենց Մեսսին։
Լեո Մեսսիի հեռանալուց հետո նրա դիրքում փակելու ամենահավանական թեկնածուն ակումբի նորեկ Ֆրանսիսկո Տրինկաոն է։ «Բլաուգրանասի» ղեկավարները նախորդ ձմռանը 31 մլն եվրոյի դիմաց պորտուգալական «Բրագայից» ձեռք բերեցին 20-ամյա պորտուգալացի վինգերի տրանսֆերային իրավունքները, իսկ ակումբին նա վերջերես է միացել` մրցաշրջանն ավարտելով «Բրագայի» կազմում։
Տրինկաոն բավականին տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով ավարտված մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մրցաշրջանն էր անցնկացնում լուրջ մակարդակով և միանգամից սկսեց հասուն ֆուտբոլ ցուցադրել։
Տրինկաոն կարող է դառնալ Լեո Մեսսիի այլընտրանքային փոխարինողը, քանի որ ունի դրա բոլոր հնարավորությունները։ Առաջին հերթին դրա համար բավականին հարմար առիթ է․ քո մասին ոչ ոք չգիտի և քո դիմաց ակումբը վճարել է ընդամենը 30 մլն եվրո և միանգամից պետք է հանդես գաս Լեո Մեսսիի փոխարեն`հենց նրա դիրքում, խաղա և փակի՛ր բոլորի բերանը։ Նման պարագայում Տրինկաոյի վրա չի լինի այն ահռելի ճնշումը, որը կար, օրինակ Ուսման Դեմբելեի կամ էլ մեկ այլ ենթադրյալ ֆուտբոլիստի վրա, ում դիմաց ակումբը մեծ գումար կվճարի։
Բացի այս բոլոր վերոնշյալներից, Տրինկաոն, իրոք, ունի բավականին լավ խաղային տվյալներ, որպեսզի կարողանա արժանիորեն հայտնվել նոր ակումբի մեկնարկային կազմում։ Նախ նա բավականին արագ է, տեխնիկապես հասուն է (միջինը մեկ խաղում 2․3 հաջողված դրիբլին), երկրորդ՝ միտված է մրցակցի դարպասին (միջինը մեկ խաղում 1․7 հարված), երրորդ ՝ հիանալի հարվածների է տիրապետում, սակայն, այս պարագայում, Տրինկաոյի ամենամեծ առավելությունը ձախլիկ լինելն է։
Շատերի մոտ դեռևս հարցական է այս ֆուտբոլիստը, սակայն, վստահեցնում ենք, նա կարող է օգուտ տալ «Բարսելոնային», եթե ստանա բավականաչափ խաղաժամանակ։ Իրադարձությունների այսպիսի զարգացումների դեպքում, մենք նրան տեսնում ենք ակումբի մեկնարկային կազմում։
Տարբերակ 2․
Հավանական երկրորդ տարբերակում, ինչպես տեսնում եք, կատարել ենք ընդամենը մեկ փոփոխություն․ Ֆրանսիսկո Տրինկաոյի տեղը մեկնարկային կազմում հավանական է հայտնվի Ռիկի Պուչը, ով մրցաշրջանի ավարտական հատվածում բավականին լավ տպավորություն թողեց և գրեթե միշտ հայտնվում էր մեկնարկային կազմում։
Ինչպես ասում են, փորձված թանն անփորձ մածունից լավ է, այսինքն, թե՛ երկրպագուները, թե՛ «Բարսայի» նորանշանակ մարզչական շտաբը Ռիկի Պուչին արդեն տեսել է գործի մեջ, իսկ Տրինկաոն դեռևս պետք է հարմարվի ակումբին, նոր միջավայրին, իսկ Պուչը արդեն տեղաբնակն է։
Եթե Պուչը հայտնվի մեկնարկային կազմում, ապա, հավանական է, որ Ֆիլիպե Կոուտինիոն կտեղափոխվի հարձակման ձախ թև: Շատերը չեն իմանա, սակայն Կոուտը իր կարերայի ընթացքում ավելի շատ հանդիպում անցկացրել է որպես ձախ վինգեր, քան երթահարձակվող և նրա համար շատ անհարմարություններ չպետք է լինեն այդ դիրքում: Բրազիլացի ֆուտբոլիստի վրա պարզապես պետք չէ ավելորդ ճնշում գործադրել։
Անսու Ֆաթիի դիրքը նույնպես կփոխվի՝ տեղափոխվելով հարձակման աջ թև։ Ժամանակակից ֆուտբոլում վինգերների մեծ մասը հանգիստ կարողանում են հանդես գալ հարձակման երկու թևերում էլ։ Այստեղ միակ խնդիրն այն է, որ Ֆաթին աջլիկ է, սակայն, կարծում ենք, որ լուրջ խնդիրներ չպետք է առաջանան։
Կարծում ենք՝ եթե «Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չունենա լուրջ համալրումներ, ապա, հավանական է, որ Ռոնալդ Կումանը հենց այս երկու հիմնական տարբերակները կօգտագործի։ Իհարկե, այս կազմերը դիտարկելիս հաշվի ենք առել նաև այն տարբերակը, որ վերոնշյալ ֆուտբոլիստներից նույնպես մարդիկ կլինեն, որոնց կվաճառի ակումբը։
Եթե Լեո Մեսսին, իրոք, հեռանալու է ակումբից, ապա «կապտանռնագույնների» ղեկավարները պետք է փորձեն գոնե խելքին մոտ գնով վաճառել նրան։ Խոսքը, իհարկե, 150-250 մլն եվրոյի մասին է, իսկ այդ գումարը մի շարք ակումբներ պատրաստ են վճարել, իսկ ստացված գումարը կարելի է օգտագործել որակյալ համալրումներ կատարելու համար։
Այժմ կներկայացնենք «Բարսելոնայի» այն մեկնարկային կազմը, որը կունենա նորեկներ, ովքեր, Interfootball.am-ի պատկերացմամբ, իրապես կարող են ուժեղացնել կատալոնական ակումբի կազմը՝ բալանսավորելով նաև թիմի խաղը։
Տարբերակ 3․
Ցանկանում ենք առանձնացնել, որ նշված կազմի ֆուտբոլիստներից և ոչ մեկի անձնական երկրպագուն չենք, պարզապես, կարծում ենք, որ որակական և գնային առումով նրանց համալրումները իրատեսական են։ Հաշվի ենք առել նաև, թե որ ակումբներում են տվյալ ֆուտբոլիստները հանդես գալիս, իսկ այժմ փորձենք մանարմասն բացատրել, թե ինչու հենց նրանք։
Պաշտպանության օղակի խնդիրները «Բարսելոնայում» արդեն դարձել են ամենահիմնաքարայինը և ամենախնդրահարույցը։ Ժերար Պիկեն արդեն վաղուց երիտասարդ չէ, կորցրել է արագությունը և թույլ է տալիս դիրքային սխալներ։ Կլեման Լենգլեն երբեք էլ թոփ պաշտպան չի եղել, և եթե չլինեին Սամուել Ումտիտիի չարաբաստիկ վնասվածքները, ապա Լենգլեն կմաշեր պահեստայինների նստարանը, քանի որ ֆրանսիացի պաշտպանը ֆիզիկական առումով բավականին կաղում է և նույնպես զերծ չի մնում դիրքային սխալներից։
Նելսոն Սեմեդուի մասին արդեն նշել ենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին խաղերում մեղմ ասած չի տպավորել, իսկ Դանի Ալվեսին փոխարինել դեռևս չի ստացվում։
Ժորդի Ալբան նույնպես չի երիտասարդանում, սակայն բոլորս ենք տեսել, որ իսպանացի պաշտպանը ձախողած մրցաշրջաններից հետո ինչպես է սկսում խաղալ, այդ պատճառով էլ հույսեր կան, որ նա կվերգտնի իր նախկին խաղը։
Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, ապա արդեն տեղեկություններ կան, որ «Բարսան» կապ է հաստատել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ և մոտ է այդ տրանսֆերն ավարտին հասցնելուն, սակայն, կարծում ենք, որ ձեռք բերել մի խաղացողի, ով արդեն 29 տարեկան է, այնքան էլ տրամաբանական քայլ չէ կազմի ուժեղացման համար։ Այդ դիրքում շատ ավելի երիտասարդ և ինչ-որ տեղ նաև մատչելի տարբերակներ կան շուկայում։ Միրալեմ Պյանիչը որքան էլ որակյալ ֆուտբոլիստ է, միևնույնն է արդեն 30 տարեկան է և նրա հետ երկարաժամկետ ծրագրեր չես կարող կազմել, իսկ «Բարսայի» կիսապաշտպանությանը թարմություն է պետք։ Ֆրենկի դե Յոնգին այնպիսի ֆուտբոլիստ է պետք, ում կողքին հոլանդացին իրեն ավելի վստահ կզգա։
Հասանք հարձակման գծին։ Եթե ակումբը չի պատրաստվում վաճառել Անտուան Գրիզմանին, ապա նրա փոխարեն աստղային ձեռք բերում կատարելն անիմաստ է։ Նրան պետք է հնարավորություն տալ հանդես գալ հարձակման կրակածայրում, իսկ նրան փոխարինող արդեն կա՝ ի դեմս Մարտին Բրեյթվեյթի։
Իսկ այժմ անդրադառնանք մեր նշած ֆուտբոլիստներին, ովքեր իրապես կարող են ուժեղացնել «բլաուգրանասի» կազմը։
Տեսե՛ք, «Բարսայի» պաշտպանությունում հեղափոխություն է անհրաժեշտ։ Պետք է ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր երկար ժամանակով կլուծեն այդ հարցը։ Պաշտպանության կենտրոնի ամրապնդման ամենահարմար թեկնածուն, իհարկե, «Լայպցիգի» 21-ամյա ֆուտբոլիստ Դայո Ուպամեկանոն է, ով Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում ապացուցեց, որ նա նոր թոփ պաշտպան է և իզուր չէ, որ եվրոպական մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ուպամեկանոն գրեթե թույլ կողմեր չունի․ հիանալի է խաղում գլխով և կարդում խաղը, խնդիրներ չունի ֆիզիկական տվյալների հետ (186 սմ հասակ), փոխանցումների միջին ճգրտությունն էլ 88․6 տոկոս է, միջինը մեկ խաղում էլ կատարում է 3.1 գնդակի խլում։
Ուպամեկանոյի տրանսֆերային արժեքն էլ բավականին հարմար է։ Նա գնահատվում է 45 մլն եվրո։ Դե պարզ է, որ «ՌԲ»-ն իր ֆուտբոլիստին կփորձի ավելի թանկ գնով վաճառել։ Այդ դեպքում ենթադրում ենք, որ հնարավոր կլինի «բարիշել» 60 մլն եվրոյի դիմաց։
Պաշտպանության ամրապնդման հաջորդ իրատեսական տարբերակը «Սևիլիայի» 27-ամյա բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսն է։
Կառլոսն իր առաջին իսկ լուրջ մրցաշրջանում միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը։ Բրազիլացի պաշտպանն առաջին հերթին աչքի է ընկնում առաջատարի հատկանիշներով։ Հիշե՛նք Եվրոպա լիգայի վերջին խաղարկությունը, երբ Կառլոսը եզրափակիչ խաղում 11 մերտանոց բերեց իր թիմի դարպասին, ինչից հետո չկոտրվեց և նույնիսկ նրա հարվածից հետո Ռոմելու Լուկակուն գրավեց սեփական դարպասը, իսկ այդ գնդակը դարձավ հաղթական «Սևիլիայի» համար, իսկ առաջատարի որակներով լավ պաշտպանը «Բարսային» չի խանգարի։
Երկրորդ հերթին՝ «կապտանռնագույններին» անհրաժեշտ է այնպիսի պաշտպան, ով հիանալի առաջին փոխանցում ունի, իսկ նրա մոտ փոխանցումների ճշգրտությունը 84․2 տոկոս է։ Նա այդ հարցում հիանալի կփոխարինի Պիկեին։ Երկրորդ հարկում էլ միանաշանկ նա իր հասակի համեմատ շատ ավելի լավ է գործում, քան կարելի էր սպասել։ Կառլոսն ունի 185 սմ հասակ և միջինը մեկ խաղում 2․8 օդային մենապայքարում հաղթող է դուրս գալիս։
Ճիշտ է՝ Դիեգո Կառլոսը ներկա պահին գնահատվում է 50 մլն եվրո, սակայն, կարծում ենք, որ նրան հնարավոր կլինի ձեռք բերել նաև ավելի մատչելի գնով՝ հաշվի առնելով, որ «Սևիլիայի» ու «Բարսելոնայի» միջև բարեկամական հարաբերություններ կան։ Ակումբները միմյանց միջև հաճախ են տարնսֆերներ իրականացնում։
Պաշտպանության աջ եզրի լուրջ համալրում կարող է դառնալ «Լեթերի» 26-ամյա պորտուգալացի լատերալ Ռիկարդու Պերեյրան, ում կարելի է համարել 2019/20 մրցաշրջանի բացահայտումներից մեկը։ Չնայած մրցաշրջանի վերջնամասը Պերեյրան վնասվածքի պատճառով բաց թողեց, միևնույն է, նա իր կարեիայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց։
Պերեյրան ավարտված մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն, արդյուավետ խաղի շնորհիվ չէ, որ նա հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը որոշ ասպեկտներով ԱՊԼ-ի շրջանակում լավագույն ցուցանիշն էր գրանցել։ Օրինակ՝ նա բոլորից շատ էր կատարել գնդակի ուղիղ խլում, այսինքն, մտել է ուղիղ պայքարի մեջ և բոլորից շատ է խլել գնդակ։ Պերեյրան միջինը 4․3 անգամ խլել էր գնդակը։ Բացի դրանից, պորտուգալացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի բոլոր պաշտպանների շրջանակում ունի լավագույն դրիբլինգներից մեկը՝ միջինը մեկ խաղում 2․1 անգամ շրջանցելով մրցակիցներին։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է նույնիսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ Կևին դե Բրոյնեին, ով միջինը մեկ խաղում կատարել է 1․4 հաջող դրիբլինգ։
Բնականաբար այդ ամենի շնորհվ նա հաճախ դուրս է գալիս այնպիսի դիրք, որտեղից կարողանում է հարվածային փոխանցում կատարել։ Նա միջինը մեկ խաղում այդպիսի գոնե 1 փոխանցում կատարում է, իսկ Պերեյրայի փոխանցումների ճշգրտությունը կազմում է 78․9 տոկոս։
Ռիկարդո Պերեյարին դժվար կլինի ձեռք բերել, քանի որ «Լեսթերը» վերջերս վաճառել է իր մյուս հիմնական եզրային պաշտպանին՝ Բեն Չիլվելին, սակայն, չկա անհնար տրանսֆեր։ Ինչպես ասում են՝ փողին «մունաթ»։ Պերեյրան այժմ գնահատվում է 32 մլն եվրո և մոտ 40-45 մլնով նրան հնարավոր կլինի բերել Կատալոնիայի մայրաքաղաք։
Ինչպես արդեն նշեցինք, «Բարսայի» կիսապաշտպանությանը թարմ ուժ է անհրաժեշտ։ Այդ դիրքում մենք տեսնում ենք «Լիոնի» խաղարկող Հուսեմ Աուարին։
Հուսեմ Աուարը վերջին մրցաշրջանում, իրոք, ապացուցեց, որ ժամանակն է ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել։ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը իր խաղային ոճով նմանություն ունի Անդրես Ինիեստայի հետ։ Բնականաբար, Աուարը դեռևս, միանշանակ, զիջում է լեգենդար կիսապաշտպանին, սակայն նա նույնպես սիրում է կարճ տարածությունների վրա շրջանցել մրցակիցներին, մանևրել դաշտում, տեղափոխվել ձախ եզր և իր տեխնիկական կարողությունների շնորհիվ կազմաքանդ անել մրցակցի պաշտպանությունը։
Նրա խաղը հատկապես տպավորեց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում, որի շրջանակում դարձել էր 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Օրինակ՝ «Յուվենտուսի» դեմ կայացած առաջին խաղում նա պարզապես փայլեց։ Նա այդ խաղում կատարել էր 3 «կարևոր» փոխանցում (խմբ՝ փոխանցում, որից հետո հարված է տիրում դեպի մրցակցի դարպասը), որոնցից մեկն էլ դարձավ գոլային։ Լուկա Տուզարն այդ խաղում հենց Աուարի կատարած փոխանցումից հետո դարձավ գոլի հեղինակ, իսկ «Սիթիի» դեմ կայացած քառորդեզրափակիչային խաղում Աուարը դարձավ արդեն 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղում նա 4 անգամ «քաղաքաբնակների» ֆուտբոլիստներին թողեց ձեռնունայն՝ շրջանցելով նրանց։
Ֆրենկի դե Յոնգ – Հուսեմ Աուար – Ֆիլիպե Կոուտինիո եռյակը կարող է իրենից լուրջ ուժ ներկայացնել։
Հուսեմ Աուարը երկար ժամանակով կարող է դառնալ «Բարսելոնայի» կիսապաշտպանության առաջատարներից մեկը, քանի որ նա, բացի խաղային որակներից, աչքի է ընկնում նաև առաջատարի հատկանիշներով։ 22 տարեկանում նա արդեն դարձել է «Լիոնի» ավագը։ Աուարն այժմ գնահատվում է մոտ 50 մլն եվրո և նրան մոտ այդ գնով էլ հնարավոր կլինի ձեռք բերել, քանի որ «Լիոնը» երբեք ավելորդ չի «թանկացրել» իրեն և հեշտ բաց է թողնում իր ֆուտբոլիստներին։
Հարձակման գծում մեկ իրատեսական համալրումը կարող է շրջադարձային լինել «բլաուգրանասի» համար։ Հայտնի է, որ կատալոնական ակումբը վերջին տարիներին խոշոր գումարներ է ծախսել տրանսֆերների վրա, սակայն, հանարվոր է, նաև ավելի քիչ գումարով ձեռք բերել որակյալ ֆուտբոլիստների։
Հարձակման աջ եզրում կառաջարկենք «Սևիլիայի» վինգեր Լուկաս Օկամպոսին։ Այժմ բացատրենք, թե ինչու հենց Օկամպոսը։ Ճիշտ է՝ այդ դիրքում ակումբն արդեն ձեռք է բերել Ֆրանսիսկո Տրինկաոյին, սակայն, դուք էլ եք հասկանում, որ որքան էլ Տրինկաոն տաղանդավոր ֆուտբոլիստի լինի, միևնույնն է ցանկացած ֆուտբոլիստի հետ առաջին մրցաշրջանում ամեն ինչ կարող է պատահել։ Երկրորդն էլ՝ որևէ ֆուտբոլիստ ապահովագրված չէ տարբեր տեսակի վնասվածքներից, այդ պատճառով էլ կազմի խորության, որակի և արդյունավետության առումով Լուկաս Օկամպոսը հետաքրքիր այլընտրանքային տարբերակ կարող է դիտարկվել։ Բացի խաղային որակներից, Օկամպոսը նաև արդեն Լա լիգայի պաշտպանների խաղին սովոր է։
26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը Լա լիգայի նախորդ առաջնության բացահայտումներից մեկն էր, ով անցկացրած 33 խաղում խփեց 14 գոլ և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մշտապես միտված է մրցակցի դարպասին և միջինը մեկ խաղում 2․5 անգամ հարված է կատարում, կայուն կերպով իր եզրից օգնում է պաշտպաններին և միջինը 1․6 անգամ խլում է գնդակը, ինչպես նաև լավ դրիբլինգ ունի՝ մրցակիցներին շրջանցելով 2․1 անգամ։
Ակնհայտ է նաև, որ ինչպես վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները, այնպես էլ Օկամպոսը լիդերի հատկանիշներ ունի։ Թերևս հիշենք սույն թվականի հուլիսի 6-ին կայացած «Սևիլիա» – «Էյբար» խաղը։ Հաղի հերոսը դարձավ հենց Օկամպոսը։ Նախ նա 56-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը, որը հետագայում դարձել էր հաղթական, իսկ մինչև խաղի ավարտն էլ ստիպված կանգնել իր թիմի դարպասին, քանի որ 96-րդ րոպեին հիմնական դարպասապահ Տոմաշ Վացլիկը վնասվածք ստացավ, իսկ Խուլիեն Լոպետեգին արդեն օգտագործել էր բոլոր փոփոխությունները։
100-րդ րոպեին «Էյբարի» ֆուտբոլիստները անկյունային հարվածի իարվունք էին ստացել։ Մրցակցի տուգանային հրապարակում էր հայտնվել նաև բասկյան ակումբի դարպասապահ Մարկո Դիմիտրևիչը։ Իրացված անկյունայինից հետո հարվածային դիրքում հայնտվեց հենց «Էյբարի» դարպասապահը, սական սերբ դարպասապահի հարվածից հետո արգենտինացի հարձակվողը հերոսաբար փրկեց իր թիմին, իսկ վրա հասած հարձակվողներից մեկի հարվածն էլ դատարկ դարպասից հեռացրեց Խեսուս Նավասը։
«Բարսային» այսպիսի ֆուբտոլիստներ շատ են պետք։
Մեր նշած տարբերակների հիման վրա «Բարսելոնան» կարող է փորձել դուրս գալ այն ճգնաժամից, որն ապրում է արդեն 2-3 տարի։ Համալրումները չեն նշանակում, որ «Բարսան» պետք է վաճառի հին խաղացոներին։ Ընդհակառակը, ակումբին պետք են թարմ ֆուտբոլիստներ, որոնք ավելի փորձառու խաղացողների հետ կդառնան հզոր ուժ, այդ պատճառով կարծում ենք, որ առաջին հերթին համալրումներն անհրաժեշտ են, որ «Բարսան» ունենա երկար պահեստայինների նստարան, որպեսզի խաղադաշտում չտեսնենք միշտ նույն մարդկանց։
Տարբերակ 1-ը և Տարբերակ 2-ը ամենատրամաբանական մեկնարկային կազմերն են ներկա պահին, եթե հաշվի առնենք, թե ինչ ռեսուրսներ ունի Ռոնալդ Կումանն իր ձեռքի տակ, իսկ տարբերակ 3-ը իրագործելի կլինի, եթե ակումբը որոշակի գումար ունենա տրանսֆերներ իրականացնելու համար։
Նախ նշենք, որ բոլոր քայլերը կարծես թե, իրոք, տանում են նրան, որ Լեո Մեսսին հեռանալու է ակումբից, սակայն անկախ նրա հեռանալ-չհեռանալուց, ակումբին անհրաժեշտ են խոր, արմատական փոփոխություններ։
Ակումբի ղեկավարությունը պետք է այնքան խելացի լինի ու հասկանա, որ նույնիսկ Լեո Մեսսիի հեռանալն աշխարհի վերջը չի լինի, քանի որ ակնհայտ է, որ «Բարսայի» խաղը շատ մեծ կախում ունի հենց արգենտինացի ֆուտբոլիստից և, հավանական է, որ նրա հեռանալը նույնիսկ ակումբի օգտին լինի։ «Լուի» հեռանալը կարող է բալանսավորել «Բարսայի» խաղը։
Վերջում ցանկանում ենք ավելացնել, որ Լեո Մեսսիի հեռանալու մասին լուրերը միայն շատ դեպքերի շղարշն են և հետևանքը։ Դրա պատճառներն ավելի խորն են։ «Բարսային» առաջին հերթին պետք են այնպիսի մարդիկ, որոնց կհետաքրքրեն սպորտային հաջողությունները, այլ ոչ թե ակումբը կվերածեն բիզնես գաղափարի, որի տակ թաթախված կլինեն կոռումպացված ղեկավարներ։ Այս տողերի հետևություններն ու դատողություններն էլ թողնում ենք Ձեզ, սիրելի ընթերցող։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրեք՛ ֆուտբոլով
Միքայել Մելիքբեկյան
# Անսումանե-Ֆաթի, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Դայո Ուպամեկանո, Դիեգո Կառլոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Լեո Մեսսի, Լուկաս Օկամպոս, Կլեման Լենգլե, Հուսեմ Աուար, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Միրալեմ Պյանիչ, Նելսոն Սեմեդու, Չեմպիոնների-լիգա, Ռիկարդու Պերեյրա, Ռիկի Պուչ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆրանսիսկո Տրինկաո, Ֆրենկի-դե-Յոնգ