Թրիլլեր «Քինգ Փաուերում». Տոտենհեմն անհավանական Comeback արեց Լեսթերի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 17-րդ տուրից հետաձգված «Լեսթեր» – «Տոտենհեմ» հանդիպումը։
Հանդիպման մեկնարկից սկսած` «Տոտենհեմը» մեծ առավելություն ուներ և ստեղծում էր բազմաթիվ գոլային պահեր, սակայն «աղվեսները» 24-րդ րոպեին սուր գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Պաթսոն Դաքան բացեց խաղի հաշիվը։
Բրենդան Ռոջերսի սաների ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 38-րդ րոպեին հյուրերը Հարի Քեյնի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկն էլ հիմնականում անցնում էր հավասար պայքարում, սակայն պատմությունը կրկնվեց, և տանտերերը խաղակեսի միջնամասում կրկին առաջ անցան հաշվի մեջ. 76-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը։
Բաց թողնելով երկրորդ գնդակը` Անտոնիո Կանտեի սաները նետվեցին առաջ` փրկելու խաղը, ինչը տվեց իր արդյունքը, քանի որ «խցաններ» ապահովեցին հանդիպման թրիլլերային ավարտը։
Երբ թվում էր` «Լեսթերը» կհաղթի այս խաղում, «Տոտենհեմի» ֆուտբոլիստները ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ` գոլերը խփելով 90+5-րդ ու 90+7-րդ րոպեներին։
Հանդիպման հերոս դարձավ Սթիվեն Բերգվեյնը, ով, դուրս գալով փոխարինման, դարձավ դուբլի հեղինակ ու լոնդոնյան ակումբին անհավանական հաղթանակ պարգևեց։
Այսպիսով, «Տոտնեհեմը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց, վաստակեց 36 միավոր և բարձացավ 5-րդ հորիզոնական։
«Լեսթերը», 25 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Հարի Քեյն, Պաթսոն Դաքա, Ջեյմս Մեդիսոն, Սթիվեն Բերգվեյն, Տոտենհեմ