Թրիլլեր Վալենսիական դերբիում. Վալենսիան գերկամային հաղթանակ տոնեց Լևանտեի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ վալենսիական հերթական դերբին. «Լևնատեն» «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «Լևանտեի» ֆուտբոլիստները, ովքեր 21-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց. հյուրերի կենտրոնական պաշտպան Մուկտար Դիախաբին ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։
Գնդակին մոտեցավ Խոսե Կամպանիան, ում հարվածից հետո «Վալենսիային» փրկեց դարպասապահ Յասպեր Սիլեսենը, սակայն Կամպանիան վրա հասավ և գրավեց դատարկ դարպասը` բացելով խաղի հաշիվը։
24-րդ րոպեին տանտերերը նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Խոսե Լուիս Մորալեսը Ռոխեր Մարտիին մեն-մենակ դուրս բերեց Սիլեսենի դիմաց, ով էլ կրկնապատկեց «Լևանտեի» առավելությունը։
36-րդ րոպեին էլ հարվածային դիրքում էր արդեն Մորալեսը, սակայն նրա հարվածից հետո «Վալենսիային» փրկեց դարպասաձողը։
Այդուհանդերձ, «չղջիկները», ովքեր առաջին կեսի մեծ մասում աչքի չընկան գրեթե ոչնչով, կարողացան նախքան ընդմիջման գնալը մեկ գնդակ հետ բերել։
44-րդ րոպեին Գոնսալո Գուեդեշը գնդակը խաղարկեց Ուգո Դուրոյի հետ և մրակցի տուգանային հրապարակի մատույցներից հիանալի հարվածով գրավեց Դանի Կարդենասի պաշտպանած դարպասը։
Կողմերն ընդմիջման գնացին «Լևանտեի» առավելությամբ` 2:1։
Երկրորդ խաղակեսը նոր-նոր էր մեկնարկել, երբ 48-րդ րոպեին Ալեսիո Լիսկիի սաները կարող էին վերականգնել երկու գնդակի առավելությունը, սակայն Խորխե դե Ֆրուտոսի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո Սիլեսենը փրկեց հյուրերին։
Այդ դրվագից հետո «չղջիկները» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում «Լևանտեի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Վեզուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ուգո Դուրոյի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը 11-մետրանոց նշանակեց արդեն տանտերերի դարպասին, որը դիպուկ իրարեց Կարլոս Սոլերը և հավասարեցրեց հաշիվը։
Խփած երկրորդ գոլից հետո էլ Պեպե Բորդալասի սաները շարունակում էին ճնշում գործադրել «Լևանտեի» դարպասի ուղղությամբ և 72-րդ րոպեին Կարլոս Սոլերի ջանքերով արդեն իրենք առաջ անցան հաշվի մեջ։
Նշենք, որ 24-ամյա կիսապաշտպանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփել է արդեն 7 գոլ ու «Վալենսիայի» լավագույն ռմբարկուն է։
85-րդ րոպեին էլ «չղջիկները» «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտի լուսատախտակին վառեցին արդեն 4:2 հաշիվը. կրկին աչքի ընկավ Գոնսալո Գուեդեշը, ով, ինչպես Կարլոս Սոլերը, դարձավ դուբլի հեղինակ։
«Լևանտեի» ֆուտբոլիստները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. հանդիպման վերջակետը 90+2-րդ րոպեին դրեց Էնիս Բարդին։
Այսպիսով, «Վալենսիան» թրիլլերային պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Լևանտեին», վաստակեց 28 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Լևանտեն», որը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեռևս չի տոնել հաղթանակ, մնաց 8 միավորով և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեսիո Լիսկի, Գոնսալո Գուեդեշ, Լա-լիգա, Լևանտե, Խոսե Կամպանիա, Խոսե Մորալես, Կարլոս Սոլեր, Մուկտար Դիախաբի, Ուգո Դուրո, Պեպե Բորդալաս, Ռուբեն Վեզու, Վալենսիա